13/03/2023 09:45
Արցախում պետք է մի կողմ դնեն նեղ թայֆայական խաղերը, պաշտոնակռիվն ու անձնական բարեկեցությանն ուղղված պայքարը և կենտրոնանան Արցախի փրկության շուրջ․ Աբրահամյան
Ես իրավիճակից դուրս գալու հնարավորություն դեռևս տեսնում եմ և դա առաջին հերթին պետք է սկսվի Արցախից, ֆեյսբուքյան էջում գրել է Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախի շրջափակման թեմային։
«Երեք ամիս է Արցախը շրջափակման մեջ է: Համոզված եմ, որ Հայաստանում շատ քիչ մարդ պատկերացում ունի, թե դա ինչ է նշանակում, ինչ լրջագույն իրադրություն է առաջացնում, կյանքի ինչպիսի հարվածներ հասցնում: Դեռ չեմ խոսում օդում կախված պատերազմի վտանգի մասին:
Քիչ մարդ է պատկերացնում, որովհետև այն զգալու, ճիշտ գնահատելու և պատկերացնելու համար գոնե կարճ ժամանակ պետք է նույն վիճակում հայտնված լինես: Այդպիսի իրադրությունում կարող էր հայտնվել մեզանից յուրաքանչյուրը, ՀՀ յուրաքանչյուր մարզ, քաղաք, գյուղ, բայց հայտնվել է Արցախը:
Ես իրավիճակից դուրս գալու հնարավորություն դեռևս տեսնում եմ և դա առաջին հերթին պետք է սկսվի Արցախից: Սա հենց այնպես օդի մեջ չեմ ասում:
Արցախում պետք է մի կողմ դնեն սեփական ամբիցիաները, նեղ թայֆայական խաղերը, պաշտոնակռիվն ու անձնական բարեկեցությանն ուղղված պայքարը և կենտրոնանան բացառապես Արցախի փրկության շուրջ:
Պայքարի ու հաղթանակի ճանապարհն, անշուշտ, շատ բարդ է, սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է գնալ այնպիսի մարդու առաջնորդությամբ, ով ունակ է խելամիտ ու սառնասիրտ որոշումներ կայացնելու, որի խոսքին կհավատան ու կվստահեն արցախցիները և, վերջապես, դա պետք է լինի մի մարդ, ով առավելագույնս կոնսեսուս կապահովի երկրի ներսում:
Այն մարդիկ, ովքեր իրենք իրենց ներսում արդեն պարտվել են, իրենք իրենց ներսում հանձնվել են, ովքեր սպառվել են ուղղակի պետք է մի կողմ քաշվեն` չխանգարեն: Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի և անեն ինչ պետք է կառուցվի դրա վրա», - գրել է նա: