13/03/2023 19:30
Ֆրանսիայում ցուցադրվել են Համո Բեկնազարյանի ֆիլմերը
Մարտի 10-ին և 11-ին Ֆրանսիայի Սինեմաթեքի հովանու ներքո «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված և արխիվային ֆիլմերի միջազգային հոբելյանական 10-րդ փառատոնի շրջանակում անցկացվել է «Համո Բեկնազարյան. Հայ կինոյի ռահվիրան» հետահայաց ծրագիրը։
Ծրագրի շրջանակում կայացել են «Տունը հրաբխի վրա» (1928 թ.), «Երկիր Նաիրի» (1930 թ.) և «Դուստրը» (1942 թ.) ֆիլմերի վերականգնված տարբերակների միջազգային պրեմիերաները։
Սույն ցուցադրությամբ մեկնարկել է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Բացման խոսքով հանդես է եկել օսկարակիր ռեժիսոր, Սինեմաթեքի նախագահ Կոստա Գավրասը: Ցուցադրությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, հայաստանյան պատվիրակությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի գլխավորությամբ:
Փառատոնի ծրագրում այս տարի ցուցադրվում են համաշխարհային կինոյի մեծ վարպետների 85 ֆիլմեր, այդ թվում՝ Լեո Կարաքսի, Ձիգա Վերտովի, Օթար Իոսելիանիի ֆիլմերը: