13/03/2023 12:47
Հարավային Կովկասում լարվածությունը շարունակվում է. Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից և ոչ մեկի նկատմամբ. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
Հայաստանի միջազգային քաղաքականության անկյունաքարը բոլոր երկրների հետ խաղաղ հարաբերությունների պահպանումն է, Բահրեյնում Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, որը նվիրված է խաղաղության եւ անվտանգության հարցերին, հայտարարել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այնուամենայնիվ, մենք բախվում ենք բազմաթիվ սպառնալիքների: Հարավային Կովկասում լարվածությունը շարունակվում է: 2021 թվականի մայիսի 12-ից հարեւան Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ապօրինաբար օկուպացրել է մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք: Չնայած դժվարություններին՝ մեր նպատակն է համագործակցել կայուն աշխարհ կառուցելու գործում: Ոմանք ասում են, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր տարածքը: Թույլ տվեք բացարձակ պարզություն մտցնել. Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւաններից եւ ոչ մեկի նկատմամբ»,- ասել է նա։
ԱԺ նախագահը նշել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով՝ Լաչինի միջանցքով»: Այդ ճանապարհը քաղաքացիական եւ այլ տրանսպորտային միջոցների համար անհասանելի է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից եւ արգելափակված է տասնյակ ադրբեջանցի գործակալների կողմից, որոնք քողարկվում են «բնապահպանական ակտիվիստներ» անվան տակ:
«Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120.000 էթնիկ հայ մնացել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների: Նրանք զրկված են կենսական նշանակության դեղորայքից եւ բժշկական օգնությունից: Էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման խափանումները հանգեցրել են սարսափելի դժվարությունների: Գիշերներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ենթարկվում են ադրբեջանցիների կողմից բարձր հնչեցվող կրոնական կոչերի, իսկ նրանց տները լուսավորվում են լուսարձակներով:
Վերջերս Ադրբեջանը կեղծ տեսանյութ էր հրապարակել, որտեղ իբր Հայաստանը զենք է մատակարարում Լեռնային Ղարաբաղին: Ցավոք, Ադրբեջանը չի սահմանափակվում ապատեղեկատվության տարածմամբ եւ վերը նկարագրված հետապնդումներով:
Ընդամենը մի քանի օր առաջ՝ մարտի 5-ին, Լեռնային Ղարաբաղի ոստիկանության երեք աշխատակից սպանվեց, եւս մեկը վիրավորվեց Ադրբեջանի հրամանով նախապես ծրագրված դարանակալման հետեւանքով»,- նշել է ԱԺ նախագահը։
Սիմոնյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շրջափակման հարցում միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեմ, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը շտապ կոչ է արել վերացնել այն: «Ամնեսթի ինթերնեյշնլ» կազմակերպությունը, Եվրոպական միությունը եւ Հելսինկյան հանձնաժողովը միմյանցից անկախ կոչ են արել անհապաղ դադարեցնել շրջափակումը:
«2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց, որ Ադրբեջանը պետք է ապահովի «անարգել տեղաշարժը» Լաչինի միջանցքով: Առանձին վճռով դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի այն կեղծ պնդումը, թե Հայաստանն ականներ է տեղադրել:
Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակված է, սակայն դաժան իրականությունն այլ բան է ասում:
Եզրափակելով՝ ես խորապես հավատում եմ, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը եւ խաղաղ գոյակցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է ապրի խաղաղության եւ ներդաշնակության մեջ»,- նշել է ԱԺ նախագահը: