14/03/2023 17:55
Ցանկանում ենք աջակցել ՀՀ կառավարությանը, որպեսզի ավելի բարձր մակարդակի հասցնի ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը, որը կներառի նաև անվտանգության քաղաքականության թեման․ Ռասմուսեն
Ես այստեղ եմ ՀՀ կառավարության հրավերով, որպեսզի աջակցեմ ամրապնդելու Հայաստանի հարաբերությունները Եվրամիության և, առհասարակ, Արևմուտքի հետ, Ջերմուկում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Նա ներկայացրեց նաև, թե ինչպիսին կարող է լինել ակնկալվող համագործակցությունը։
«Մենք ցանկանում ենք շատ սերտ համագործակցություն ծավալել Հայաստանի կառավարության հետ, համագործակցություն՝ ընդգրկող թեմաների լայն շրջանակ։ Բնականաբար, խոսքը Եվրամիության կողմից քաղաքական աջակցության մասին է։ Այնուհետև, իհարկե, մենք ցանկանում ենք աջակցել ՀՀ կառավարությանը, որպեսզի էլ ավելի բարձր մակարդակի հասցնի ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը, որը կներառի նաև անվտանգության քաղաքականության թեմայով երկխոսություն։ ԵՄ լայն գործիքակազմ ունի, որը կարող է օգտակար լինել Հայաստանի համար։ Ուստի, կարծում եմ, Հայաստանը միջազգային գործընկերների էլ ավելի լայն շրջանակների կարիք ունի, քան կա այսօր»,- ասաց Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Հայտնե՞լ է արդյոք Հայաստանը նաև ռազմաքաղաքական աջակցության տրամադրման ակնկալիք, և Արևմուտքի հետ հարաբերություններն ընդլայնելուն աջակցելու գործընթացում դիտարկվու՞մ է նաև այդ հարցը, հետաքրքրվեցին լրագրողները՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարից։
«Ընդհանուր առմամբ, այո, սակայն մանրամասն չենք քննարկել ռազմական համագործակցության եզրերը»,- պատասխանեց Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Նա նշեց նաև, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության «երկար պատմություն ունի, որը կարելի է ընդլայնել»։
«Մենք ունենք գործընկերության բավականին երկար պատմություն, որը, կարծում եմ, կարելի է ընդլայնել՝ ներգրավելով նաև Եվրամիությանը։ Օրինակ՝ ԵՄ-ն ունի Եվրոպական խաղաղության համակարգ, որը կարող է հանդիսանալ որպես համագործակցության շրջանակ՝ Հայաստանի և Եվրամիության միջև»,-ասաց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։