14/03/2023 15:48
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը. նախատեսվում է Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա
Հայաստանը պատրաստ է եռակողմ`Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երեկ Փաշինյանն այդ մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. առաջիկայում նախատեսվում է Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ նախորդ անգամ Հայաստանը ոչ թե բոյկոտել է հանդիպումը, այլ անհրաժեշտ էր, որ Արարատ Միրզոյանն այդ ժամանակ մնար Երևանում:
«Նախարարի` Երևանում գտնվելը այդ օրերին եղել է կենսական անհրաժեշտություն»,- նշեց նա:
Վարչապետն ասաց, թե Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները շատ անկեղծ են:
«Ճգնաժամ չեմ տեսնում մեր հարաբերություններում, մենք խոսում ենք, քննարկում, ֆիքսում ենք, որ կան խնդիրներ ու այդ խնդիրները, ի միջիայլոց, օբյեկտիվ են: Մեր հարաբերությունները բնականոն վիճակում են, ինչը չի նշանակում, որ չկան անհանգստություններ», - նշեց վարչապետը: