14/03/2023 18:28
Դեկտեմբերի 23-ին Միրզոյանը հիփոթեքային վարկի պայմանագիր է ստորագրել․ Փաշինյանի պնդմամբ՝ այդ օրը Մոսկվայում եռակողմ հանդիպմանը չմասնակցած ԱԳ նախարարի՝ Հայաստանում գտնվելը կենսական անհրաժեշտություն էր
Դեկտեմբերի 23-ին` այն օրը, երբ ՌԴ միջնորդությամբ Մոսկվայում պետք է կայանար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, բայց որին հրաժարվել էր մասնակցել հայկական կողմը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հիփոթեքային վարկի պայմանագիր է ստորագրել, պարզել է CivilNet-ը։
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը, սակայն, վստահեցրել է, որ պաշտոնական Երևանը ոչ թե բոյկոտել է նշված եռակողմ հանդիպումը, այլ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ այդ օրերին Հայաստանում գտնվելը կենսական անհրաժեշտություն էր։
CivilNet-ը, տեղեկացնելով, որ Արարատ Միրզոյանը նախանշված եռակողմ հանդիպման օրը՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանում հիփոթեքային վարկի պայմանագիր է ստորագրել, կից ներկայացրել է նաև վերոնշյալն ապացուցող փաստեր. Կոտայքի մարզի Քասախ գյուղում Միրզոյանի ձեռք բերած նոր առանձնատան կադաստրային փաստաթղթերում առկա է բանկի, վաճառողի և գնորդի մեջև կնքված հիփոթեքային պայմանագիրը, որի տակ անձանբ ստորագրել է Արարատ Միրզոյանը։ Պայմանագիրի կնքման ամսաթիվը 2022-ի դեկտեմբերի 23-ն է, այսինքն՝ Մոսկվայում երեք արտգործնախարարների հանդիպման օրը։