14/03/2023 15:35
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է 170 միլիոն դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 19 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի չապահովմանը
Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով, մոտ 100 օր ձգվող շրջափակման պայմաններում, Արցախի Հանրապետության տնտեսությունը շարունակում է մեծ վնասներ կրել։
755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 6,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 36,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը` շուրջ 2,530 տոննա ապրանք՝ գերակշիռ մասը սնունդ ու դեղորայք:
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 170 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 19 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: