14/03/2023 15:55
ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է և պետք է կատարի այդ դերը. Փաշինյան (Տեսանյութ)
Ինչո՞ւ ես ստորագրեցի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. պարզ պատճառով՝ ընկալելով, որ այդ իրավիճակում Հայաստանը հայտնի հանգամանքների բերումով չի կարող լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր, հետևաբար պետք էր ստեղծել մի համակարգ, որը երաշխավորեր ԼՂ անվտանգությունը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համաձայն եռակողմ հայտարարության և դրանից հետո ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշման, որով նախագահին թույլ է տալիս զորքեր ուղարկել ԼՂ, այս ամենով արձանագրվել է, որ ԼՂ-ի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը հրաժարվում է դրանից, այլ որ Հայաստանը, ցավոք, 44-օրյա պատերազմում պարտության պատճառով չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը: Հետևաբար, այս բոլոր փաստարկները ի մի բերելով, պետք է արձանագրել, որ իր իսկ ստանձնած պարտավորությամբ՝ ԼՂ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է։ Մյուս կողմից՝ ԼՂ-ում կա պաշտպանության բանակ, որը Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես Հայաստանի բանակ: Էլի ուզում եմ ասել, որ ՀՀ-ն բանակ չունի ԼՂ-ում», - հայտարարեց Փաշինյանը։
Նա ասաց, թե Ադրբեջանը փորձում է հիմնավորել, որ ԼՂ ՊԲ-ն պետք է լուծարվի, գոյություն չունենա. «Եթե էթնիկ զտման և ցեղասպանության վտանգ չլինի ԼՂ հայության համար, ապա այս նեղ վիճակում առնվազն այդ մասշտաբով բանակ պահելու կարիք ԼՂ-ն չի ունենա: ԼՂ ՊԲ-ի գոյությունը ամենամեծ ապացույցն է ցեղասպանության և էթնիկ զտումների նախապատրաստությունների», - հայտարարեց վարչապետը:
Նրա խոսքով՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ անվտանգության նոր ճարտարապետություն է ստեղծվել.
«Դա ստեղծվել է նաև ՌԴ նախագահի հրամագրով, ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշմամբ, և, այո՛, Ռուսաստանի Դաշնությունն է ստանձնել ԼՂ անվտանգության երաշխավորի դերակատարումը և պետք է կատարի այդ դերակատարումը», - ասաց վարչապետը։