14/03/2023 18:10
Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է կատարել Հաագայի դատարանի որոշումը․ Վահագն Խաչատուրյանը՝ Ֆինլանդիայի դեսպանին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին (նստավայրը՝ Հելսինկի): Վահագն Խաչատուրյանը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է նրան տեսնել Հայաստանում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը, երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանը և Լաչինի միջանցքի շրջափակման խնդրին: Նախագահը նշել է, որ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է կատարել Հաագայի դատարանի որոշումը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով: Նախագահն ընդգծել է, որ դա ամբողջովին անընդունելի դիրքորոշում է: Երկուստեք շեշտվել է հումանիտար միջանցքի բնականոն գործունեությունն օր առաջ վերականգնելու հրամայականը: