14/03/2023 17:11
«Հստակ ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումը անհապաղ»․ Անդերս Ֆոգ Ռասմուսեն
Լաչինի միջանցքի շրջափակումը ո՛չ մարդկային է, ոչ էլ օրինական, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Հիշեցնենք՝ վերջինս այսօր այցելել էր Լաչինի միջանցքի սկզբնամաս։
«Ես հանդիպել եմ մարդկանց հետ, ովքեր ապրել են ԼՂ-ում, և նրանք ինձ պատմեցին այն կրիտիկական իրավիճակի մասին, որը տիրում է ԼՂ-ում»,- ասաց Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Նրա գնահատմամբ՝ Արցախին հումանիտար աղետ է սպառնում։
«Մենք բախվում ենք հումանիտար ճգնաժամի, որը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Այս շրջափակումն անօրինական է։ Մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որը պարտադրում է Ադրբեջանին ապահովել անխոչընդոտ տեղաշարժ Լաչինի միջանցքով։ Որոշումը պարտադիր է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը ազատ տեղաշարժի համար»,- ընդգծեց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։
Անդերս Ֆոգ Ռասմուսենը նաև ուղերձ հղեց Ադրբեջանի նախագահին։
«Այսօր ես հստակ ուղերձ եմ ուղարկում Ադրբեջանի նախագահ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումը այսօր, անհապաղ»,- ասաց նա։