14/03/2023 13:04
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խնդիրներ կան․ Փաշինյան
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խնդիրներ կան, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինձ համար ամենակարևոր խնդիրը ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում այն է, որ շատ անսպասելի բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց տեղի է ունեցել ԼՂ բնակիչների բողոքի ակցիա, և դա տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների սպանությունից հետո (մարտի 5 –ին՝ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով-խմբ․)։ Ես ուզում եմ ընդգծել, որ դա նույնպես տեղի է ունեցել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում։ Եվ սա մտահոգություն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ինքը հարկ է համարել այդ մտահոգությունները փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչն արել է երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Ճշտող հարցին՝ ի՞նչ է պատասխանել իրեն ՌԴ նախագահը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Կներեք, կոռեկտ չէ, որ ես հիմա պատմեմ ամբողջ խոսակցությունը»։