14/03/2023 12:45
«Որոշակի առաջընթաց տեսնում ենք, բայց որքան առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ»․ Փաշինյանը ներկայացրեց խաղաղության պայմանագրի «կարմիր գծերը»
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հստակ ժամկետների առկայությունն ու տեսանելիությունը իրականում լավ նորություն է, ոչ թե վատ նորություն, ինչպես ներկայացվում է, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է 1–2-3 օր, որ մենք ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն է, ոչ թե վատ նորություն, որովհետև դա նշանակում է, որ բանակցային գործընթացներով մենք ունեցել ենք առաջընթաց և հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ, բայց որը, այնուամենայնիվ, արդյունք է, որը պիտի ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, թե խաղաղության պայմանագրի նախագծի մեկ տարբերակ կա միայն, փետրվարի կեսին խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ Հայաստանի արձագանքը փոխանցվել է Ադրբեջանին, 2-3 օր առաջ ստացվել է Ադրբեջանի արձագանքը՝ նախագծի վերաբերյալ։
«Եվ ի՞նչ կարող եմ ասել այդ փաստաթղթի առումով։ Կարող եմ ասել հետևյալը․ կա՞ արդյք առաջընթաց փաստաթղթում։ Պետք է ընդգծել, որ որոշակի առաջընթաց մենք տեսնում ենք, բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ»,- Ադրբեջանի արձագանքն այսպես ներկայացրեց Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը թվարկեց նաև իր նշած ֆունդամենտալ պրոբլեմները և ներկայացրեց, թե որոնք են, իր մեկնաբանմամբ, Հայաստանի «կարմիր գծերը»։
«Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման և հարաբերություննների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը, հասկանալիորեն և տրամաբանաբար, կարմիր գիծ է մեզ համար։
Մենք տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել՝ այդ թվում՝ ՀՀ ստորագրությամբ։ Դա, բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար։
Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ, ըստ էության, մենք նունիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար, որովհետև մենք այսօր ունենք գրված, ստորագրված, հրապարակված փաստաթուղթ, որը չի կատարվել։ Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է»,- թվարկումն ավարտեց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Արցախի ժողովրդի իրավունքներին, Փաշինյանը վերահաստատեց նախկինում հնչեցրած դիրքորոշումը՝ հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի և Արցախի միջև երկխոսությամբ։
«Ինչ վերաբերում է ԼՂ ժողովրդին, մենք ասել ենք և ասում ենք, որ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեր առանցքային նպատակներից մեկն է։ Մեր ընկալումն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի առաջնային մանդատառուն լինի ԼՂ ժողովուրդը։ Մենք կարծում ենք, որ հիմնական խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև։
Այստեղ էլ առանց միջազգային մեանիզմների և երաշխիքների առաջ գնալ հնարավոր չի լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։