14/03/2023 14:56
Մենք պետք է հիմնավորենք ԼՂ-ում էթնիկ զտումների, ցեղասպանության վտանգի փաստը, ինչը հնարավորություն կստեղծի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ՝ առանց Ադրբեջանի համաձայնության․ Փաշինյան
Արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո էլ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ՝ կյանքի ճանապարհը շարունակում է փակ մնալ, իսկ Արցախը՝ շրջափակման մեջ։ Քաղաքական ու իրավական դաշտերում ի՞նչ գործուն քայլեր է իրականացնում Հայաստանը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրագործմանը նպաստելու ուղղությամբ, ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
«Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կայացման մեխանիզմներ գոյություն ունեն ՄԱԿ, նաև ՄԱԿ ԱԽ շրջանակներում, և մենք շարունակելու ենք աշխատանքը՝ այդ մեխանիզմները աշխատացնելու ուղղությամբ»,- պատասխանեց Փաշինյանը՝ հավելելով՝ դրանք արագ գործընթացներ չեն։
«Մենք այդտեղ էլ պետք է հասկանանք, որ դրանք արագ գործընթացներ չեն, մենք պետք է հետևողականորեն մեր դիրքորոշումներն ու ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը միջազգային հարթակներում հետևողականորեն հետապնդենք»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է «ավելի հիմնավորվի» Արցախում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը։
«Ինչ կար Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ․ որ կարող են լինել անշրջելի հետևանքներ։ Սա, ըստ էության, հիմնավորումն է մեր ասածի, թե ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ է։ Հիմա, եթե անկեղծ ասենք, Ադրբեջանը նույնպես, կարծես թե, բոլոր քայլերը ձեռնարկում է, որպեսզի միջազգայնորեն տեսանելի դառնա և հիմնավորվի, որ իրոք, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ է։
Մենք պետք է ավելի հիմնավորենք ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի փաստը, մենք պետք է հիմնավորենք ԼՂ-ում էթնիկ զտումների, ցեղասպանության վտանգի փաստը, ինչը հնարավորություն կստեղծի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ՝ առանց Ադրբեջանի համաձայնության»,- խոսքը եզրափակեց Հայաստանի վարչապետը։