14/03/2023 14:54
«Ես կաշկանդված եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությամբ». ինչու Նիկոլ Փաշինյանը չի հայտարարում՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար էական է, թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգային մեխանիզմի պայմաններում արդյո՞ք հնարավորություն ունի հետապնդելու իր իրավունքներն ու անվտանգության հարցերը:
Ըստ նրա` ամենամեծ պրոբլեմը Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելն է:
«Ես 2018-ին ասել եմ` ես ՀՀ վարչապետն եմ, ես ԼՂ վարչապետը չեմ, որովհետև ԼՂ ժողովուրդը ինձ քվե չի տվել, ինձ քվե է տվել ՀՀ ժողովուրդը, հիմա էլ կարծում եմ` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է խոսի, պետք է ունենան հնարավորություն ու պատասխանատվություն` իրավիճակը կառավարելու, բնականաբար, մենք էլ պետք է աջակցենք իրենց», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը:
Լրագրողը վարչապետին հարց ուղղեց` որևէ բանով կաշկանդվա՞ծ է, որ հայտարարի` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:
«Ես կաշկանդված եմ շատ բաներով`Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությամբ, Հայաստանի անվտանգությամբ, ձեր անվտանգությամբ, բոլորի անվտանգությամբ, Հայաստանի սուվերենությամբ, ինքնիշխանությամբ, անկախությամբ, պետական շահերով, իհարկե, կաշկանդված եմ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: