14/03/2023 09:42
«Ժողովուրդ». Ինչու են իշխանությունները ժամանակավորապես փակել Ռուստամ Բադասյանի հեռացման հարցը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանություններն առայժմ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հեռացման հարցը փակել են, սակայն պարզվում է՝ բավականին խիստ խոսակցություն է եղել ՊԵԿ նախագահի հետ: Իսկ ի՞նչն է եղել Բադասյանի վրա խիստ զայրանալու եւ, ըստ էության, նրան զգուշացնելու պատճառը: Այս տարվա հունվարի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, ՊԵԿ պաշտոնատար անձինք որոշ տնտեսվարողների կողմից իրականացվող չարաշահումների դեմ քայլեր չեն ձեռնարկել եւ 2022 թվականի նոյեմբերից մինչեւ 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ:
Նախաքննության ընթացքում հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Այս կոռուպցիոն սխեմայի բացահայտումն էլ Բադասյանի հետագա պաշտոնավարման հարցն է առաջ բերել, սակայն դատելով իրավիճակից՝ նրան ժամանակ է տրվել, որպեսզի շտկի իրավիճակը, եւ առայժմ նրա հեռացման հարցը փակվել էլ, քանի որ նաեւ զեկուցվել է, որ Բադասյանն անձամբ առնչություն չի ունեցել կոռուպցիոն այդ սխեմայի հետ:
Ի դեպ, երեկ Բադասյանն անձամբ անդրադարձել էր իր ազատման լուրերին եւ ասել. «Չէ, ես ոչ մի տեղ չեմ հեռանում։ Որտեղի՞ց այդ տեղեկությունը»: Նա նշել է, որ նոր պաշտոնի առաջարկ չի ստացել, աշխատանքից հեռանալու դիմում էլ չի գրել»։