14/03/2023 14:06
44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, թե 2018-ից ի վեր՝ Հայաստանը ռազմատեխնիկական օգնություն չի ստացել, ու 44-օրյա պատերազմի ժամանակ բանակի անձնակազմի ու զինամթերքի 50 տոկոսն է ներգրավված եղել ռազմական գործողություններում:
«Ինձ դառնացնում է, որ այդ լրջության մարդը ղեկավարել է Հայաստանը: Ո՞նց կարելի է այդքան անլուրջ լինել: Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկն ասե՞լ է, որ զենքի պակաս են ունեցել: Կատարյալ սուտ է, որ 2018-ից ՀՀ-ն ռազմատեխնիկական օգնություն չի ստացել, օգնություն ասելով ի՞նչ նկատի ունեն, կարո՞ղ է նկատի ունեն ձրի զենք, եթե ձրի զենք, չասեմ՝ ձրի զենքն ինչ է», - նշեց նա:
Փաշինյանը հայտարարեց` Հայաստանը 2018-ից մինչև 2020 թվականը ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան` նախորդ 10 տարին ամբողջությամբ:
Վարչապետն ասաց, թե 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն:
«Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում, կարծում եմ`առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ արած հայտարարությունն այդքան տարօրինակ չի թվա», - նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե 50-ից ավելի զինծառայողներ մեղադրվում են պետական դավաճանության մեջ:
«Ես չգիտեմ` Հայաստանում մարդ կա՞, որ մտածում է, թե այդ մարդկանց գլխին գործ են սարքել: Այսօր կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ այլ հոդվածներով: Հիմա հողեր հանձնելու մեղադրանքով բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ, բարձրաստիճան զինվորական կա, որը մեղադրվում է Շուշիի գործով, ու երբ դատարանը որոշեց, որ կալանավորի, ինձ համար զարմանալի բան տեղի ունեցավ, մեկ էլ ամենատարբեր մարդիկ միջնորդություն են ներկայացնում, որ կալանքից ազատեն: Ժողովո՛ւրդ ջան, բա դո՞ւք չէիք ասում, որ պետք է բացահայտվի, թե ոնց է ընկել Շուշին», - ընդգծեց նա:
Վարչապետը նշեց, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունները պատիվ չեն բերում Հայաստանի նախկին ղեկավարին: