14/03/2023 12:20
Աշխարհաքաղաքական խորացող անկայունությունը սրում է ՀՀ արտաքին անվտանգության սպառնալիքները. չլուծված է մնում ՀՀ արտաքին անվտանգության երաշխավորումը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ասաց` աշխարհաքաղաքական խորացող անկայունությունը, աշխարհակարգի ու միջազգային անվտանգության ոլորտներում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածությունը ավելի են սրում ՀՀ արտաքին անվտանգության սպառնալիքները:
Վարչապետի խոսքով` ԼՂ-ում իրավիճակը, սեպտեմբերյան ագրեսիան, Լաչինի միջանցքի փակ լինելը ՀՀ կառավարությանը թույլ չեն տվել կենտրոնանալ զարգացման օրակարգերի իրագործման վրա:
«Այդուհանդերձ, 2022 թվականը դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի. կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների բարեփոխումների, պետական ինստիտուտների կայացման ու հանրապետության զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն: 2022 թվականն ամփոփվել է վերջին 15 տարիների համար աննախադեպ`12,6 տոկոս տնտեսական աճով: Պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ», - նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե 2022-ին մեկնարկել ու շարունակվել են ինստիտուցիոնալ բարեփոխումները ՀՀ զինված ուժերի, արտաքին և ներքին անվտանգության, կրթության և գիտության, առողջապահության, պետական կառավարման, հակակոռուպցիոն քաղաքականության ու մարդու իրավունքների, դատաիրավական ու այլ համակարգերում:
«Այդուհանդերձ, չլուծված է մնում առանցքային խնդիրը. ՀՀ արտաքին անվտանգության երաշխավորումը։ Մեր գնահատականն այն է, որ այս հարցի մեկ քայլանոց լուծում գոյություն չունի, այդ հարցի լուծման համար անհրաժեշտ է միջազգային, տարածաշրջանային, ռազմաքաղաքական, ներքաղաքական իրադրության խորը վերլուծություն ու դրանից բխող քայլեր: Մեր խնդիրն է կառավարել սպառնալիքներն ու օգտագործել հնարավորությունները», - հավելեց վարչապետը: