15/03/2023 19:51
Ֆլյուորոզ. Ֆտորի ավելցուկը ջրում կարող է ախտահարել բերանի խոռոչն ու ատամները
Ֆլյուորոզը ընդհանուր հիվանդություն է, որը կապված է խմելու ջրում ֆտորի մեծ քանակի պարունակության հետևանքով օրգանիզմի թունավորման հետ: Հիվանդության առաջին կլինիկական արտահայտություններից է ատամների ախտահարումը, որը բնորոշվում է ատամի կարծր հյուսվածքների փխրունությամբ:
Ֆտորը հալոգենների խմբի առավել ակտիվ տարրն է, լայնորեն տարածված է բնության մեջ: Հասուն մարդը օրական ստանում է մոտ 3մգ ֆտոր (0.5 – 1.1մգ սննդի հետ և 2.2 – 2.5մգ` ջրի): Սննդի մեջ գտնվող ֆտորը ավելի վատ է յուրացվում օրգանիզմի կողմից, քան ջրում լուծված ֆտորիդները:
Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ խմելու ջրում ֆտորի թույլատրելի սահմանային խտությունը 1-1.5մգ է 1 լիտրում: Ֆտորի այսպիսի խտության դեպքում հազվադեպ է դիտվում ֆլյուորոզ և առկա է կարիեսի հանդեպ արտահայտված կայունություն: 6մգ/լ գերազանցող խտությունը կարող է բերել արդեն ձևավորված ատամների ախտահարման: Շոգ կլիմա ունեցող վայրերում ֆլյուորոզ դիտվում է արդեն 0.5-0.7մգ/լ-ի խտության դեպքում, ինչը կապված է մեծ քանակությամբ ջրի օգտագործման հետ:
Ֆլյուորոզով ախտահարման ծանրությունը կախված է նաև օրգանիզմի ընդհանուր վիճակից, նրա ոչ սպեցիֆիկ ռեակտիվությունից:
Ֆլյուորոզի ծագման ճշգրիտ մեխանիզմը լրիվ ուսումնասիրված չէ: Առավել հիմնավորված է համարվում այն պատկերացումը, ըստ որի ֆտորը հեմատոգեն ճանապարհով տոքսիկ ազդեցություն է թողնում էնամելոբլաստների վրա ատամի էպիթելի զարգացման շրջանում, ինչն էլ բերում է էմալի ոչ ճիշտ ձևավորմանը:
Ենթադրվում է, որ ֆտորը, հանդիսանալով ֆերմենտատիվ թույն, իջեցնում է ֆոսֆատազայի ակտիվությունը, ինչը բերում է էմալի միներալիզացիայի խանգարումների:
Ֆլյուորոզով ախտահարվում են հիմնականում այն երեխաների մնայուն ատամները, որոնք ծնված օրից ապրում են ֆլյուորոզի էնդեմիկ օջախում կամ այդ տեղամասում են մինչև 1-4տ հասակը:
Ֆլյուորոզով ախտահարված ատամների էմալը կորցնում է թափանցիկությունը, փայլը, նրա վրա հայտնվում են դեղնադարչնագույն բծեր: Ըստ ՀԱԿ-ի դասակարգման տարբերակվում են ֆլյուորոզի արտահայտվածության 5 աստիճան։
Փոփոխությունների բնույթը կախված է հիվանդության կլինիկական ձևից: Հունտեր-Շրեգերի և Ռետցիուսի գծերը շատ լավ արտահայտված են: Էմալի մակերեսը առանձին տեղերում անհարթություններ ունի: Էմալ-դենտինային միացությունը ունի ատամնավոր տեսք: Պրիզմաների մասնակի ռեզորբցիայի հետևանքով միջպրիզմային տարածությունները մեծանում են: Առաջանում են հիպո և հիպերհանքայնացման գոտիներ, ինչը էմալին տալիս է խայտաբղետ պատկեր:
Փոփոխությունները տարբերակվում են բծի շրջանում և մակերեսային կարիեսից, էմալի հիպոպլազիայից, սեպաձև դեֆեկտից և էմալի քիմիական մեռուկից:
Բուժման եղանակի ընտրությունը կախված է հիվանդության ծանրությունից: Ախտահարման թեթև և չափավոր ձևերի դեպքում կիրառում են թթվային սպիտակեցման մեթոդը (20% - 30% քլորջրածնային կամ ֆոսֆորական թթուներով) հետագա ռեմիներալիզացիոն միջամտությամբ: Թույլ արտահայտված բծերը հանում են միկրոհղկման միջոցով՝ օգտագործելով հատուկ հղկող մածուկներ: Ծանր ախտահարումների ժամանակ (էրոզիվ և դեստրուկտիվ ձևեր) անհրաժեշտ է դեֆեկտների վերականգնում կոմպոզիտների, արհեստական շապիկների կամ վինիրների միջոցով:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։