15/03/2023 18:36
Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա. Պատկերային հետազոտությունը՝ հիվանդությունների ախտորոշման լավագուն գործիք
Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան կամ ՊԷՏ սքանավորումը պատկերային հետազոտություն է, որը նշանակվում է որոշ հիվանդությունների ախտորոշան համար:
Հետազոտության հիմնական ցուցումներն են ուռուցքները, սրտային հիվանդությունները, գլխուղեղային ախտահարումները և այլ հիվանդություններ: ՊԷՏ սքանավորումը կարող է օգտագործվել նաև՝ դիտելու ամբողջ մարմինը, այլ ոչ թե զուտ մեկ շրջանը:
ՊԷՏ սքանավորումը պատկերային հետազոտություն է, որի ժամանակ օգտագործվում է ռադիոակտիվ՝ «տրեյսեր» պարունակող կոնտրաստային նյութ: Տրեյսերը կարող է ներարկվել, կամ հրահանգել կուլ տալ՝ կախված այն հանգամանքից, թե օրգանիզմի որ շրջանն է անհրաժեշտ պատկերել:
ՊԷՏ սքաները գամա ճառագայթների տեսքով ընդունում է տրեյսերից ստացված էներգիան և այն փոխակերպում պատկերների: Տրեյսերը կուտակվում է օրգանիզմի այն շրջաններում, որոնք ունեն բարձր քիմիական ակտիվություն, հավանաբար, ախտահարված լինելու պատճառով: Ստացված պատկերներում այս շրջաններն արտացոլվում են որպես ավելի բաց գույնի դաշտեր: Այսպիսով, ՊԷՏ սքանավորումն օգնում է բժշկին գնահատելու օրգանների և հյուսվածքների գործունեությունը:
ՊԷՏ սքանավորումը նաև կարող է չափել արյան հոսքը, թթվածնի օգտագործումը, օրգանիզմի կողմից գլյուկոզի յուրացումը և այլն:
Բժիշկը կարող է առաջարկել ՊԷՏ սքանավորում, որ ստուգի արյան հոսքը, թթվածնի ծախսը կամ օրգանների և հյուսվածքների նյութափոխանակությունը: Ի տարբերություն ավելի հայտնի համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ), ՊԷՏ սքանավորումը բացահայտում է առողջական խնդիրները բջջային մակարդակում՝ բժշկին տրամադրելով բարդ համակարգային հիվանդությունների լավագույն պատկերը:
ՊԷՏ սքանավորումն ավելի հաճախ նշանակվում է, որպեսզի հայտնաբերվի՝
քաղցկեղը,
սրտային խնդիրները,
գլխուղեղի հիվանդությունները, ներառյալ՝ կենտրոնական նյարդային համակարգի խնդիրները:
Քաղցկեղային բջիջներն ունեն ավելի բարձր նյութափոխանակության ակտիվություն, քան նորմալ բջիջները: Ուստի, քաղցկեղային բջիջները ՊԷՏ սքանավորմամբ կարող են հայտնաբերվել որպես հարակից հյուսվածքներից ավելի բաց գույնի դաշտներ:
Այս պատճառով ՊԷՏ սքանավորումն օգտակար է քաղցկեղի ախտորոշման համար, ինչպես նաև թույլ է տալիս՝
տեսնել, թե արդյոք քաղցկեղը տարածվել է,
գնահատել, թե արդյոք քաղցկեղի բուժումն արդյունքներ տվել է,
ստուգել բուժված քաղցկեղի հնարավոր կրկնությունը:
ՊԷՏ սքանավորումը թույլ է տալիս հայտնաբերել նաև սրտում արյան հոսքի դանդաղեցումները: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ սրտի առողջ հյուսվածքները կլանում են ավելի շատ տրեյսեր, քան անառողջ հյուսվածքները, որոնց արյան հոսքը թուլացած է:
ՊԷՏ պատկերում տարբեր գույները և բաց երանգների աստիճանները կարող են վկայել հյուսվածքային գործառույթների տարբեր մակարդակների մասին, որը կարող է օգնել բժշկին, որ ընտրի հետագա քայլերի լավագույն տարբերակը:
ՊԷՏ սքանավորումը նշանակվում է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման արդյունավետությունը գնահատելու համար, այդ թվում՝
Ալցհեյմերի հիվանդություն,
դեպրեսիա,
էպիլեպսիա,
գլխի տրավմաներ,
Պարկինսոնի հիվանդություն:
Հետազոտությունից առաջ պետք է տեղեկացնել հետազոտող բժշկին՝
եթե ունեք հիմնական հիվանդությանն ուղեկցող այլ առողջական խնդիրներ, օրինակ՝ դիաբետ,
եթե ընդունում եք որևէ դեղամիջոց, վիտամին, խոտաբույս կամ սննդային հավելում,
եթե կրծքով կերակրող մայր եք կամ հղի եք,
եթե ալերգիկ եք,
եթե գիտեք, որ փակ տարածության մեջ զգալու եք անհանգստություն և տագնապ:
Կարելի է նաև հարցնել բժշկին նաև այն մասին, թե մինչև հետազոտվելը սննդի կամ հեղուկների ընդունման ինչպիսի սահմանափակումներ են անհրաժեշտ:
Հետազոտությունը տևում է մոտ 15-20 րոպե, սակայն նախատեսեք, որ ՊԷՏ բաժանմունքում մնալու եք մոտ 2-3 ժամ: Բուն հետազոտությունը որևէ կերպ ձեզ ցավ չի պատճառում, սակայն պետք է պատրաստ լինել սարքավորման աշխատանքի հետ կապված տարաբնույթ աղմուկներ կամ բարձր ձայներ լսելուն:
Մասնագետն ուսումնասիրում է ստացված արդյունքները և եզրակացությունը հանձնում բժշկին, ով այդ պատասխանը քննարկում է հիվանդի հետ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։