15/03/2023 20:39
Վարսերի փոփոխությունները` կախված տարիքից. Հատուկ խնամքն ու ճիշտ սննդակարգը՝ որպես խնդրի լուծման գործոններ
Տարիքի հետ օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, և վարսերը ևս բացառություն չեն: Ժամանակի ընթացքում վարսերը փոխում են իրենց գույնն ու կառուցվածքը, իսկ դրանց գեղեցիկ տեսքը պահպանելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն և խնամք:
Վարսերը կազմված են սպիտակուցային մանրաթելերից: Մեկ վարսի նորմալ կյանքի տևողությունը կազմում է 2-7տարի: Վարսերն աճում են ամսական 0,5 մատնաչափից մինչև տարեկան 6 մատնաչափ: Այնպիսի գործոններն, ինչպիսիք են տարիքը, սննդակարգը, գենետիկան և ընդհանուր առողջական վիճակը պայմանավորում են վարսերի աճի արագությունը:
Վարսերի ծերացմանը զուգահեռ՝ դրանց կյանքի ցիկլը կրճատվում է, իսկ կարճ և բարակ վարսերը թափվում են: Այս վարսերը սովորաբար փոխարինվում են նոր բարակ վարսերով: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում, ծերանալուն զուգահեռ գրեթե բոլորը բախվում են մազաթափության խնդրին:
Կանայք և տղամարդիկ մազաթափություն ունենում են տարբեր պատճառներով: Դրանցից են՝
ժառանգականությունը,
էնդոկրին խանգարումները,
վահանաձև գեղձի հիվանդությունները,
հորմոնների և սննդանյութերի պակասը:
Կանանց մոտ շատ կարևոր դեր է խաղում դաշտանադադարը, երբ նրանք հասնում են 40-ի սահմանին: Սեռական հորմոնները, որոնք օգնում են ֆոլիկուլային մանրաթելերի խթանմանը, պակասում են, և հաճախ տեստոստերոնը դոմինանտում է: Ծերացման և շրջակա միջավայրի փոփոխությունների պատճառով որոշ ֆոլիկուլներից այլևս նոր մազեր չեն աճում: Ժամանակի ընթացքում մազերի մանրաթելերը բարակում են և ընկնում՝ այլևս չվերականգնվելով:
Տարեցտարի վարսերում նույնպես տեղի են ունենում բնական պիգմենտի փոփոխություններ: Պիգմենտային բջիջներն արդեն այդքան պիգմենտ չեն արտադրում, և երբեմնի խիտ շագանակագույն վարսերը դառնում են բարակ, փշրվող և մոխրագույն:
Մաշկաբաններն այն կարծիքին են, որ բնական փոփոխությունները դանդաղեցնելու համար, մենոպաուզայից առաջ և հետո կարելի է մի շարք քայլեր ձեռնարկել։
Մի քանի հնարքներ՝ ցանկացած տարիքում վարսերը խնամելու և դրանց առողջ տեսք հաղորդելու համար.
Հաճախակի չլվանալ
Թե որքան հաճախ ենք լվանում մեր վարսերը, կախված է դրանց որակից: Սակայն անկախ վարսերի տեսակից, վարսերի հաճախակի լվացումը կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի դրանք դառնան չոր և փշրվող: Անհրաժեշտ է օգտագործել հատուկ տվյալ վարսերի տեսակի համար նախատեսված շամպուն՝ նորմալ, յուղոտ կամ չոր:
Մի՛ մոռացեք կոնդիցիոների և ծավալ հաղորդող միջոցների մասին
Շամպունով լվանալուց հետո կոնդիցիոների կիրառումը էապես կարևոր է վարսերի առողջության համար: Կոնդիցիոները վարսերի խնամքի համար կենսական կարևոր քայլ է, որը խոնավացնում է՝ օգնելով վերականգնելու վարսերի փայլն ու շամպունով լվանալու ընթացքում կորցրած բնական յուղերը: Իսկ ծավալ հաղորդող միջոցներն աշխատում են որպես կապան՝ ամրացնելով յուրաքանչյուր վարս և ապահովելով ծավալ յուրաքանչյուրի համար:
Ընտրեք ճիշտ միջոցներ
Եթե ցանկանում եք գունային փոփոխության ենթարկել վարսերը, ամենալավ տարբերակն այն ոճաբանի մոտ կատարելն է: Մասնագետը կօգնի որոշել վարսերի տեսակին համապատասխան ամենաանվնաս ներկը և խորհուրդ կտա, թե ինչ շամպուն, կոնդիցիոներ կամ խնամքի այլ միջոց ընտրել ներկած վարսերի համար: Խելամիտ կլինի նաև խուսափել վարսերի ամենօրյա հարդարումից և չգնել պարաբեններ ու ֆթալատներ պարունակող միջոցներ:
Օգտագործեք սպիտակուցներով հարուստ սննդամթերք
Մենք չեք կարող վերահսկել գենետիկական կամ տարիքային գործոնները, բայց կարող ենք օգնել վարսերին՝ առողջ սնվելով:
Քանի որ վարսերի ֆոլիկուլները մեծամասամբ կազմված են սպիտակուցներից, մի՛ շրջանցեք այս կենսական կարևոր սննդանյութը: Սպիտակուցների պակասը հանգեցնում է մազաթափության: Մասնագետները կանանց առաջարկում են շաբաթական երկու անգամ ուտել ցածր յուղայնությամբ կարմիր միս, որը բացի գլխամաշկի համար կարևոր դեր կատարելուց, օգնում է նաև օրգանիզմին պայքարել սակավարյունության դեմ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։