15/03/2023 10:02
«Հրապարակ». ՌԴ-ն դեմ է ինտեգրմանը. Մետաքսե Հակոբյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Պուտինի հետ իր վերջին խոսակցությունը նվիրված է եղել հիմնականում ԼՂ էսկալացիայի վտանգին: Հարցին, թե ՌԴ-ն կո՞ղմ է Արցախի՝ Ադրբեջանի հետ ինտեգրացիային, ասաց. «Ես կոռեկտ չեմ համարում այդ հարցերի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը բարձրաձայնել, մանավանդ որ ՌԴ-ն բազմիցս բարձրաձայնել է իր դիրքորոշումը»։
Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը համոզված է՝ ՌԴ-ն դեմ է ինտեգրմանը, հակառակ դեպքում խաղաղության պայմանագրի ՌԴ առաջարկած տարբերակում Արցախի հարցը նույնը կլիներ, ինչ արևմտյան տարբերակում է։ Մինչդեռ ՌԴ-ն առաջարկում է հարցը թողնել հետագա ժամանակներին: Բացի այդ, Հակոբյանի խոսքով, ինտեգրման մասին բառ անգամ չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։
«Եթե եռակողմ հայտարարության մեջ անգամ ակնարկ լիներ ինտեգրման մասին, ապա խաղաղության իր առաջարկած տարբերակում Արցախի մասին կետ չէր լինի, և չէր արձանագրի, որ դեռ վաղ է խոսել Արցախի ճակատագրի մասին, այդ հարցը պետք է թողնել հետագա բանակցություններին»,- ասաց Հակոբյանը»։