15/03/2023 10:16
«Ժողովուրդ». Եթե Հայաստանը հրաժարվում է լինել ավտանգության երաշխավոր, ապա պետք է փոխվեն համապատասխան փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողները հարց ուղղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին. լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ Արցախի դեմ հնարավոր էսկալացիայի դեպքում արդյոք Հայաստանն ապահովելու է Արցախի անվտանգությունը, արդյոք Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։ Փաշինյանը պատասխանեց. «Ինչո՞ւ ես ստորագրեցի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. պարզ պատճառով՝ ընկալելով, որ այդ իրավիճակում Հայաստանը չի կարող լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր, հետևաբար պետք էր ստեղծել մի համակարգ, որը կերաշխավորի ԼՂ անվտանգությունը: Համաձայն եռակողմ հայտարարության և դրանից հետո ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշման, որը նախագահին թույլ է տալիս զորքեր ուղարկել ԼՂ, այս ամենով արձանագրվել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է»:
Սակայն նկատենք, որ նրա այս հայտարարություններն ու խոսքը հակասում են փաստաթղթերին: Բանն այն է, որ 2020 թվականի հուլիսին Հայաստանն ընդունել է Ազգային անվտանգության ռազմավարությունը: Հենց այդ փաստաթղթում Ազգային շահեր բլոկի 4.3 կետում նշված է. «Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է:
Այս դերակատարումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի քաղաքականությամբ, ինչը գոյութենական սպառնալիք է Արցախի բնակչության համար»: Ընդ որում՝ այս նախադասությունն ամբողջ ռազմավարության մեջ մի քանի անգամ նշված է: Ստացվում է՝ Փաշինյանի այդ հայտարարությունը հակասում է ռազմավարությանը, նաև ՔՊ, կառավարության ծրագրերին, որտեղ ևս ամրագրված է անվտանգության երաշխավոր լինելը:
Իհարկե, 44-օրյա պատերազմը եղել է այս հայեցակարգի ընդունումից հետո, սակայն եթե Հայաստանը հրաժարվում է լինել ավտանգության երաշխավոր, ապա պետք է փոխվեն համապատասխան փաստաթղթերը»։