15/03/2023 13:00
Մենք մեր բանակի առաջամարտիկն ենք. սատանայի հետ էլ կհամագործակցեմ, մենակ մեր բանակի համար լավ լինի. Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ քաղաքական պատասխանատվությունից չեն խուսափում։
«Մենք իրականությունը, ճշմարտությունը ներկայացնելիս չենք խուսափում, եթե կան խնդիրներ, այդ խնդիրները բոլորինս են, մանավանդ, եթե դրանք վերաբերում են բանակին»,- Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Պապիկյանը։
Նա նշեց՝ եթե Զինված ուժերում կան դավաճանական բարքեր, պետք է արմատախիլ արվեն։
«Պետք է անել համատեղ, բայց դա տանել նրան ու ասել՝ «ամբողջ բանակին ասում են դավաճան, ոչ մեկ չի ուզում զինվորական դառնա»... ժողովուրդ ջան, էդ մտածելակերպով հեռու մնացեք բանակից, մի փչացրեք առկա մթնոլորտը»,- նշեց նախարարը։
Սուրեն Պապիկյանը կոչ արեց չհամարձակվել իրենց իշխանությանը «հեռվացնել բանակից»։
«Մենք մեր բանակի առաջամարտիկն ենք, մենք մեր բանակի մի մասն ենք։ Գնացեք, հարցրեք, թե ինչ սրտացավությամբ ենք մենք վերաբերվում Զինված ուժերի խնդիրներին»,- ընդգծեց նա։
Պաշտպանության նախարարը հայտարարեց, թե պատրաստ է համագործակցել յուրաքանչյուրի հետ։
«Տո սատանայի հետ էլ կհամագործակցեմ, մենակ մեր բանակի համար լավ լինի, բայց 5-րդ շարասյան հետ չեմ համագործակցի»,- ընդգծեց Պապիկյանը։