16/03/2023 19:12
Ամիլոիդային ապասնուցումը հրահրում է մի շարք հիվանդություններ․ Պատճառներ և դեղամիջոցներ
Ամիլոիդոզը կամ ամիլոիդային ապասնուցումը (դիստրոֆիան) տարբեր, մեծամասնությամբ անհայտ պատճառներից առաջացած հիվանդությունների խմբային հասկացողություն է, որոնց ընդանուր ախտածագումային երևույթը օրգանիզմի տարբեր հյուսվածքներում բարդ գլիկոպրոտեինային նյութի՝ ամիլոիդի կուտակումն է:
Ամիլոիդը չլուծվող, միասեռ, էոզինամետ (հիալինային) նյութերի մի խումբ է, b-պարույրածալված կառուցվածքով:
Ամիլոիդային հիվանդությունները բավականին տարբեր են իրենց կլինիկական արտահայտություններով:
Ամիլոիդոզի ստույգ վիճակագրությունն անհնար է: Բնակչության կյանքի տևողության երկարացումը հանգեցնում է ամիլոիդոզի հաճախականության հարաճող բարձրացմանը:
Ամիլոիդոզը հաճախ ընթանում է չախտորոշված: Ամիլոիդոզի դասական ձևերով տառապող հիվանդներն, որպես օրենք, ճիշտ ախտորոշվում են մոտ մեկ տարվա ընթացքում:
Մեկուսացած սրտային ամիլոիդոզն անհայտ թվով սրտի հիվանդությունների հիմքն է հանդիսանում: Սովորաբար, կենսազննում նրանց մոտ չի կատարվում:
Ամիլոիդների մեծամասնությունն առողջ օրգանիզմում գոյություն ունեցեցող տարբեր բնականոն սպիտակուցների փոփոխված ձևերն են: Պատճառները և ախտածագումային մեխանիզմների մեծամասնությունն անհայտ են: Քննարկվում են ախտածագման բազմաթիվ տեսություններ:
Այսօր, ամիլոիդոզները դասակարգում են ըստ սպիտակուցների, որոնցից ածանցվում են ամիլոիդները:
Վերջին տարիներին մեծ հույսեր են կապում Eprodisate դեղամիջոցի հետ, որի ազդեցության մեխանիզմը ամիլոիդային թելիկների հետ կապվելն է: Սակայն, մինչև այս միջոցի կլինիկական կիրառմանը բազմաթիվ հետազոտություններ են անհրաժեշտ: Հետազոտություններ են կատարվում նաև Fibrillex պատրաստուկի հետ: Վերջին երկու պատրաստուկների առանձնահատկությունն այն է, որ նրանք համընդհանուր են բոլոր ամիլոիդոզների համար` անկախ ծագումից:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։