16/03/2023 21:18
Ատամների գունափոխության հիմնական պատճառներն ու սպիտակեցման պրոցեդուրայի ռիսկային կողմերը
Ատամների գունափոխությունը (դիսկոլորիտ) ստոմատոլոգիայի արդիական խնդիրներից է: Եթե նախկինում պացիենտները ավելի հաճախ դիմում էին ատամնաբույժի՝ ատամնացավի առկայության պատճառով, ապա ներկայումս նրանք ավելի շատ են ուշադրություն դարձնում ատամների էսթետիկ տեսքին, այդ թվում` երանգին: Այսօր աատամների էմալի գրավիչ երանգ ստանալու համար այլևս պետք չէ մեծ ջանքեր գործադրել։
Ատամների գունափոխությունը կարող է պայմանավորված լինել էնդոգեն և էկզոգեն տարբեր գործոններով: Դրանք կարող են լինել բնածին կամ ձեռքբերովի: Տարիքին զուգընթաց ատամները գունափոխվում են՝ ձեռք բերելով ավելի մուգ երանգներ, քանի որ էմալը մաշվում է և մերկանում է ավելի մուգ երանգ ունեցող դենտինը:
Կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ատամների վաղաժամ գունափոխության պատճառ դառնալ: Դրանք հիմնականում պայմանավորված են պացիենտների կենսակերպով, աշխատանքային պայմաններով, ժառանգական կամ ձեռքբերովի մի շարք հիվանդություններով, ատամների որոշ բուժական միջամտությունների համար կիրառվող նյութերով ու միջոցներով, որոշ մանրէներով, սնկերով, տարիքով և սովորություններով և այլն։
Վճռորոշ դեր ունեն նաև սնման առանձնահատկությունները, բերանի խոռոչի անհատական հիգիենայի մակարդակը, ծխելը, տարբեր դեղամիջոցների կիրառումը և այլն:
Ատամնաբույժները հորդորում են, որ յուրաքանչյուր մարդ տարին 1-2 անգամ պետք է այցելի ստոմատոլոգի՝ բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա իրականացնելու նպատակով:
Հաճախակի զննումները հնարավորություն կտան ախտորոշելու բոլոր խնդիրները վաղ փուլերում և ավելի արդյունավետորեն պայքարել դրանց դեմ:
Ատամների գույնի և էսթետիկայի բարելավման բազմաթիվ միջոցներ կան. Առաջին հերթին պետք է հստակեցնել տվյալ պացիենտի ատամների գունափոխության պատճառը, աստիճանը, որից հետո մտածել հնարավոր լուծումների մասին` ընտրելով սպիտակեցման տնային (բժշկի նշանակմամբ և հսկողությամբ), մասնագիտական (այդ թվում` դեվիտալ ատամների ներքին սպիտակեցումը), կոմբինացված եղանակներից մինչև ինվազիվ մեթոդներ:
Սպիտակեցման որևէ մեթոդ ընտրելիս ու նշանակելիս պետք է հիմնվել տվյալ պացիենտի օրգանիզմի առանձնահատկությունների, բերանի խոռոչի` ատամների, պարօդոնտի, լորձաթաղանթի անհատական վիճակի վրա` հստակեցնելով և հիմնավորելով տարբեր մեթոդների կիրառման ցուցումներն ու հակացուցումները, վերահսկելով հնարավոր բարդությունների ռիսկերը, պլանավորելով վերջիններիս կանխարգելումը, հարկ եղած դեպքում` անխուսափելի հետևանքների շտկումը:
Ամենապարզ միջոցը ատամնաքարերի հեռացումն ու ատամների փայլեցումն է մածուկով կամ օդաաբրազիվ (Air Flow) եղանակով: Եթե բերանի խոռոչի վիճակը թույլ է տալիս և ատամներն ինտակտ են, ապա կարելի է իրականացնել սպիտակեցում տարբեր եղանակներով (քիմիական, լուսային, լազերային և այլն):
Ատամների ախտահարմամբ պայմանավորված գունափոխությունների դեպքում կարող են կիրառվել վերականգնման ավելի ինվազիվ մեթոդներ՝ ինչպիսիք են միկրոհղկումը, կոմպոզիտային և կերամիկական վերականգնումները:
Ատամների գունափոխություն առաջացնող` վնասակար սովորություններով պայմանավորված գործոններից հատկապես պետք է նշել ծխախոտ ծխելը: Վերջինս, առաջնայնորեն թիրախավորելով բերանի խոռոչը, նպաստում է ոչ միայն ատամների գունափոխությանը, այլև պարօդոնտի և բերանի խոռոչի հիվանդությունների առաջացման հիմնական պատճառական գործոններից է։
Սպիտակեցման որևէ մեթոդ ընտրելիս պետք է հաշվի առնել գունաբացման թույլատրելի աստիճանը և չտարվել ճերմակացման գայթակղությամբ, քանի որ գերսպիտակեցումը ոչ միայն էսթետիկական առումով ճիշտ չէ, այլև կարող է հանգեցնել ատամների հյուսվածքների խորը վնասման. Ատամը կարող է դառնալ խամրած (փայլատ), ծակոտկեն ու թափանցելի և կարող է հեշտությամբ ախտահարվել:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։