16/03/2023 20:12
Սոմատոտրոպ. Մարդու աճի հորմոնի ավելցուկը կամ պակասը հանգեցնում են առողջական լուրջ խնդիրների
Սոմատոտրոպը կամ մարդու աճի հորմոնը, հիպոֆիզի կողմից արտադրվող հորմոն է, որը խթանում է ոսկրերի, մկանների և օրգան-համակարգերի աճը:
Սնունդն ընդունելուց հետո այս հորմոնի արտադրությունը կտրուկ ընկճվում է, իսկ քաղցած վիճակում՝ բարձրանում շուրջ 15 անգամ:
Սոմատոտրոպ հորմոնի հիմնական ազդեցություններն են` գծային հասակի աճի խթանում, հյուսվածքների ամբողջականության և արյան շիճուկի գլյուկոզի այն մակարդակի պահպանում, որն անհրաժեշտ է գլխուղեղի գործությունն ապահովելու համար, ոսկրերի և մկանային հյուսվածքների աճի խթանում՝ աճի ինսուլինային գործոնների միջոցով, սպիտակուցների արտադրության արագացում՝ դրական ազոտային և ֆոսֆորային հավասարակշռության ապահովմամբ և միզանյութի մակարդակի նվազեցմամբ:
Աճող հյուսվածքների կողմից իոնների պահանջարկի բարձրացման պայմաններում արգելակվում է մեզով նատրիումի և կալիումի հեռացումը, իսկ աղներով կալցիումի ներծծումը խթանվում է:
Աճի հորմոնը խթանում է նաև ճարպային հյուսվածքներում ճարպերի քայքայումը, ճարպաթթուների մոբիլիզացիան և մկանների ու լյարդի կողմից արյան շիճուկից դրանց կլանումը (որտեղ վերջիններս փոխակերպվում են գլյուկոզի):
Հորմոնն ուժեղացնում է նաև քրտնարտադրությունը:
Արյան գլյուկոզի վրա սոմատոտրոպ հորմոնը թողնում է ինսուլինին հակառակ ազդեցություն՝ խոչընդոտելով հյուսվածքների կողմից գլյուկոզի կլանումը:
Այն ունակ է նաև ազդելու իմունային համակարգի վրա՝ բարձրացնելով T լիմֆոցիտների թիվը:
Հորմոնի սեկրեցիան ուժգնանում է ֆիզիկական աշխատանքի, խորը քնի, ցածր արյան շաքարի, սպիտակուցներով հարուստ սննդակարգի անցման ժամանակ:
Մինչև սեռահասունացումը սոմատոտրոպ հորմոնի բարձրացած սեկրեցիան բերում է գիգանտիզմի, իսկ չափահասների մոտ՝ ակրոմեգալիայի: Հակառակը, աճի շրջանում հորմոնի թերսեկրեցիան բերում է գաճաճության: Չափահասների մոտ սոմատոտրոպ հորմոնի նվազած արտադրությունը որևէ տեսանելի նշանների չի հանգեցնում:
Հետազոտության ցուցումներ`
մարմնի հասակի աճի դանդաղում,
մարմնի հասակի աճի արագացում,
օստեոպորոզ,
մկանային թուլություն,
մազերի աճի խանգարումներ,
հիպոգլիկեմիայի հակում (այդ թվում՝ ալկոհոլ ընդունելիս),
ուժեղացած քրտնարտադրություն,
պորֆիրիա:
Վերոնշյալ ախտանշանների հաճախակի կրկնվելու դեպքում, խորհուրդ է տրվում այցելել բժշկի և հանձնել համապատասխան լաբորատոր թեստը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։