16/03/2023 12:58
Եթե նախաքննությունն անհրաժեշտ համարի, ապա պատրաստ եմ «Քովիդի գործով» հարցաքննվել. Նախարար
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ «Քովիդի գործով» ձերբակալված ԱՆ աշխատակիցների պաշտպանները կդիմեն վերաքննության, որպեսզի այլ խափանման միջոցներ ընտրվեն։
«Կարծում եմ, որ նրանցից որևէ մեկը քննությանը խոչընդոտելու կամ խուսափելու մղում չունի», - լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, թե եթե նախաքննությունն անհրաժեշտ համարի հարցաքննել իրեն, ապա ինքը պատրաստ է։
Հարցին, թե մտահոգվա՞ծ է, որ կարող է քրեական գործը հասնի նաև նախարարներին՝ Անահիտ Ավանեսյանը պատասխանեց.
«Ամենևի՛ն»։
Հիշեցնենք՝ «Քովիդի գործով» ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետը. հափշտակվել է ավելի քան 119 միլիոն դրամ։
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։