16/03/2023 13:15
Քերոբյան. Անցած տարի Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար ՌԴ քաղաքացի
Անցած տարի Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար ՌԴ քաղաքացի: Զուտ վերաբնակեցումն անցյալ տարվա ընթացքում կազմել է 108-110 հազար, այսինքն՝ այդքան ռուսաստանցի տեղափոխվել է Հայաստան և մնացել մշտական բնակության, «Ведомости»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Քերոբյանի խոսքով՝ միջին հաշվով ռուսաստանցիները Հանրապետությունում բացում են «տարեկան 500 բիզնես»: Անցյալ տարի գրանցվել է 2500 իրավաբանական անձ՝ ռուս մասնակիցներով, ինչպես նաև 4000 անհատ ձեռնարկատեր։ Որոշ ընկերություններում աշխատակազմը կարող է հասնել 600-700 մարդու, հավելել է նախարարը։
Քերոբյանը մատնանշել է, որ ռուսների տեղափոխման շնորհիվ ապահովվել է Հայաստանի տնտեսության զգալի աճ՝ ընդհանուր 12,6 % աճից «տեղափոխումը կազմել է ավելի քան 3 տոկոսային կետ»։
Բացի այդ, Քերոբյանը նշել է, որ Մոսկվան և Երևանն ամբողջությամբ հրաժարվել են դոլարով և եվրոյով հաշվարկներից և օգտագործում են ազգային արժույթներ։ Նախարարը հայտնել է, որ դրա համար դրամն առայժմ ավելի նախընտրելի է, այն ավելի քիչ անկայուն է, քան ռուբլին, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում դոլարի նկատմամբ դիրքերն ամրապնդել է գրեթե 20 %-ով։