16/03/2023 10:45
«Ժողովուրդ». Դատական համակարգը կերկփեղկվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգը կերկփեղկվի: Բանն այն է, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից առաջադրվել են միանգամից երկու թեկնածուներ՝ դատավոր Արշակ Վարդանյանը և իշխանության «սրտի թեկնածու» Ռուբիկ Մխիթարյանը: Իհարկե, ԲԴԽ-ն ամեն ինչ անում է, որ անդամ դառնա իրենց «սրտի թեկնածուն», իսկ դատական համակարգի զգալի մասը մյուս՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի կողմն է, որը աչքի է ընկել իր համարձակ որոշումներով: Մասնավորապես, օրերս Արշակ Վարդանյանը որոշում էր կայացրել՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վթարից մահացած Սոնա Մնացականյանի դեպքով քննությունը իրականացվել է խախտումներով:
Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբիկ Մխիթարյանի համար լոբբինգ է անում Սնանկության դատարանի նախագահ Արթուր Աթաբեկյանը, որը ևս իր թեկնածությունը առաջադրել է ԲԴԽ անդամի թափուր տեղի համար: Բանն այն է, որ Աթաբեկյանը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի քեռու տղան է ու Մխիթարյանի հետ նախկինում աշխատել է դատական դեպարտամենտում: Ասել է թե՝ դատական համակարգը երկու քարի արանքում է՝ կա՛մ դեմ պետք է գնա ԲԴԽ-ին և ընտրի դատավոր Արշակ Վարդանյանին, կա՛մ ԲԴԽ-ին հաճոյանալու համար ձայնը տա Ռուբիկ Մխիթարյանին: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները դատական համակարգում:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ապրիլի 9-ին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամները կլքեն իրենց պաշտոնները: 2023 թվականի ապրիլի 9-ին լրանում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետը, ուստի նրանք կհեռանան ԲԴԽ-ից, և նրանց տեղի համար պայքարի են դուրս եկել վերոնշյալ դատավորները»։