16/03/2023 10:23
«Ժողովուրդ». Սուրեն Պապիկյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները նախկինի պես լարված չեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններն արդեն նախկինի պես լարված չեն: Եվ հենց դա է պատճառը, որ երեկ լրագրողների հետ զրույցում Պապիկյանը վստահ հայտարարեց. «Ես չեմ պատրաստվում իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել, չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Եվ, այո, շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումները, և թե որքան կհաջողվի այն իրականացնել, կյանքը ցույց կտա»,- ասաց Պապիկյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ նրա ու Փաշինյանի հարաբերությունները տևական ժամանակ լարված էին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կեղծված ընտրությունների համար նրան էին մեղադրում՝ իբրև պատասխանատուի: Մեր տեղեկություններով՝ ամեն ինչ հարթվել է, և Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Սուրեն Պապիկյանը կապ չունի 2022 թվականի նոյեմբերին տեղի ունեցած վարչության կեղծված ընտրությունների հետ:
Այս իրավիճակում ուշագրավն այն էր, որ Պապիկյան-Փաշինյան լարվածությունից ցանկանում էր օգտվել Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը՝ զբաղեցնելու ՊՆ նախարարի պաշտոնը: Նա չհասավ իր նպատակին։ Մեկնաբանության համար դիմեցինք Ռոմանոս Պետրոսյանին, որը նշեց. «Աբսուրդ է, նույնիսկ մեկնաբանելու բան չկա այդտեղ։ Խնդրում եմ էդ հարթության և բովանդակության հարցեր չուղղել ինձ այսուհետ»»։