17/03/2023 15:57
Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, բայց դեռ վերջնական չէ. Կարեն Գիլոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հյուսիսային պողոտայում այսօր ազդարարել են Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը:
Առաջնության մեկնարկին մնացել է 29 օր: Միջոցառման շրջանակում ներկայացվել է առաջնության խորհրդանիշը՝ հայկական մուֆլոնը, որի եղջյուրների վեր խոյացող ուրվագիծը հիմք է հանդիսացել ստեղծելու այս տարվա Եվրոպայի առաջնության պատկերանիշը:
«Այսօր մեր ծրագրի կարևոր օրերից է. սեղմում ենք այն կոճակը, որը տալու է ծանրամարտի Եվրոպայի առաջնության հետհաշվարկի մեկնարկը: Վստահ եմ՝ առաջիկա 1.5 ամսվա ընթացքում քաղաքի այս հատվածը կդառնա երևանցիների սիրելի վայրերից: Մեր լեռնաշխարհի ամենագեղեցիկ կենդանիներից մեկը դարձել է առաջնության խորհրդանիշը և այստեղ ներկայացվում է որպես ծանրորդ»,- իր խոսքում նշել է ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Կարապի լճի հարևանությամբ գործելու է նաև ֆան գոտի՝ իր շուրջը համախմբելով երկրպագուներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կազմակերպիչներին խնդրել է առաջնության հետհաշվարկի ավարտից հետո Հյուսիսային պողոտայում տեղադրված ցուցատախտակին պատկերել հայ մարզիկների՝ Եվրոպայի առաջնության ընթացքում նվաճած մեդալներն այդ պահի դրությամբ:
«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր կլինի, երկրպագուներն էլ մշտապես տեղեկացված կլինեն, թե մենք քանի մեդալ ենք նվաճել: Հաշվի առնելով այն, որ Հայաստանն այս պահին ունի տղամարդկանց և կանանց ուժեղ հավաքականներ՝ վստահ եմ, որ մեդալների պակաս չենք ունենա, իսկ այս ցուցատախտակին պատկերվելիք թվերը բոլորիս բաղձալի պահեր կպարգևեն»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև առաջնության նախապատրաստական աշխատանքներին. «Մրցաշարի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են, և լիարժեք տեղավորվում ենք ժամանակացույցում: Ամեն ինչ ընթանում է ծրագրվածի համաձայն: Կազմակերպիչները բացման ներկայանալի արարողություն են խոստանում: Մարզահամերգային համալիրը ժամանակին կառուցվել է նաև ծանրամարտի աշխարհի առաջնություն ընդունելու նպատակով, սակայն 1983 թվականին, երբ համալիրը բացվեց, ինչ-ինչ պատճառներով առաջնությունը Երևանից տեղափոխվեց Մոսկվա: 40 տարի անց մեր երկրի մայրաքաղաքը վերջապես ստացավ այդ հնարավորությունը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի առաջնությունն անցկացնենք ամենաբարձր մակարդակում: Բռնցքամարտի ԵԱ-ից հետո տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ տարբեր մրցաշարերի ժամանակ մոտենում ու ասում էին՝ այդ ինչ առաջնություն եք անցկացրել, որ բոլորն այդ մասին են խոսում: Վստահ եմ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո անկախ մարզաձևից բոլորն այս մրցաշարի մասին խոսելու են»:
Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է, որ նախնական տվյալներով Ադրբեջանի հավաքականը հաստատել է իր մասնակցությունն ու մտադիր է մասնակցել Երևանում կայանալիք առաջնությանը:
«Այս պահին Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը, բայց սա էլ դեռ վերջնական չէ: Մարտի վերջին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձևի Եվրոպական ֆեդերացիային: Այսինքն՝ Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե նրանք իրականացնեն սահմանված բոլոր քայլերը»,- պարզաբանել է Կարեն Գիլոյանը:
Հիշեցնենք՝ առաջնությունն անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք մրցաշարը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: