17/03/2023 17:22
Երևանի քաղաքապետը հրաժարական ներկայացրեց
Երևանի քաղաքապետարանի հրավիրած գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։
Սարգսյանը նշեց, որ պաշտոնը ստանձնել է քաղաքական առումով բարդ ժամանակաշրջանում, պետք է շարունակեր նաև «Իմ քայլը» դաշինքի 2018 թվականի նախընտրական ծրագրում նախանշված նպատակները, սակայն կառավարության և Երևան քաղաքի միջև համագործակցությունը այդ ժամանակ խզվել էր։
«Հիմա, երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են, իսկ քաղաքապետարանի և կառավարության միջև համագործակցությունը բավականին լավ է և խոչընդոտներ չունենք, ես ուզում եմ հայտարարել իմ հրաժարականի մասին՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման ու զարգացման ուղղությամբ»,- ասաց Սարգսյանը։
Երևանի արդեն նախկին քաղաքապետը հայտնեց նաև, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ՔՊ կուսակցության՝ քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, նախընտրական ցուցակը նա է գլխավորելու։