17/03/2023 15:31
Լաչինի միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի առանց հապաղելու. միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունն արդիական է. Հակոբ Արշակյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստն այս անգամ անցկացվել է Ծաղկաձորում:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ընդգծել է, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերությունների վրա:
«Մեր երկրները հետեւողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը եւ ակտիվացնում համագործակցությունը տարբեր ոլորտներում: Երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի դեր ունի կառուցողական խորհրդարանական երկխոսությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը: Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի միակ ճանապարհն է, եւ ստեղծված իրավիճակում այնտեղ բնակվող շուրջ 120.000 հայ զրկվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից եւ ծառայություններից, այդ թվում` կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներից եւ բժշկական օգնությունից:
«Պաշտոնական Բաքվի նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան հայերի` Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակիչների էթնիկ զտման քաղաքականության դրսեւորում: Ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի առանց հապաղելու: Այսօր առավել քան արդիական է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը:
Նա այս համատեքստում կարեւորել է ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման, ինչպես նաեւ Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում:
Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը:
«Ադրբեջանի անօրինական գործողությունները նպաստում են լարվածության աճին եւ խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը: Մենք ընդգծում ենք միջազգային մեխանիզմների, այդ թվում` մոնիտորինգի մեխանիզմների գործարկման կամ վերսկսման անհրաժեշտությունը` ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները եւ անվտանգությունը»,- արձանագրել է նա:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Սեյրան Օհանյանը խոսել է Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, ընդգծել ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում: Անվտանգային լարված իրավիճակում ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ կողմերի ուժերը համատեղելու առաջարկ է հնչել: