17/03/2023 19:42
Պաշարներն անսպառ չեն, շրջափակման երկարաձգման պայմաններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ․ Գուրգեն Ներսիսյանը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով անասնաբուծության ոլորտում առկա խնդիրներին: Պետական նախարարը նշել է, որ կերային բազայի համալրման հետ կապված խնդիրները շարունակում են խորանալ և անհրաժեշտ են այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել:
«Անասնակերի պակասը շարունակվում է լրացվել պահուստային պաշարների հաշվին, բայց քանի որ պաշարներն անսպառ չեն՝ շրջափակման երկարաձգման պայմաններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Հետևաբար, անհրաժեշտ է ճշգրիտ հաշվարկել առկա հնարավորություններն ու կարճ ժամանակամիջոցում ձեռնարկել խնդրի մեղմմանն ուղղված հետևողական աշխատանքներ»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը:
Պետական նախարարը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին սեղմ ժամկետներում ներկայացնել այս փուլում անհրաժեշտ անասնակերի ծավալը:
Անդրադարձ է կատարվել նաև մսի շուկայում տիրող իրավիճակին, ինչն, ըստ ոլորտի պատասխանատուների, կարող է կարգավորվել կենդանիների հասունացումից հետո:
Խորհրդակցությանը մասնակցել են Գյուղատնտեսության, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներն ու փոխնախարարները, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը: