17/03/2023 09:54
«Ժողովուրդ». Ինչն է դարձել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ թմրամիջոցերի ապօրինի շրջանառության գործը կարճելու որոշման հիմքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է:
Իսկ ինչի՞ մասին է խոսքը. 2017 թվականի նոյեմբերի 28-ին Արթուր Հովհաննիսյանը իր Nissan March մակնիշի ավտոմեքենայով, և նրա ուղևոր, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ Գևորգ Սավթալյանը բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ նրանց մոտ, ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, խուզարկությամբ հայտնաբերվել է 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 14-ին դիմել էր ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվության վարչություն և հարց ուղղել, թե վերոնշյալ գործը ինչ հանգուցալուծում է ստացել, և արդյոք մեղադրանք առաջադրված է եղել Արթուր Հովհաննիսյանին, թե ոչ:
Փետրվարի 20-ին Ներքին գործերի նախարարությունից ստացել ենք պատասխան, որում ասվում է. «28.11.2017թ.-ին Ա. Հ.-ին և Գ. Ս.-ն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեո-Զեյթունի բաժին։ 05.12.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): հարուցվել է քրեական գործ, և նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին»:
Այս նույն հարցով դիմեցինք նաև Քննչական կոմիտե, որից էլ ստացել ենք հետևյալ պատասխանը. «Քրեական գործով որևէ անձ քրեական պատասխանատվության չի ենթարկվել, իսկ իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում 2018 թվականի հունվարի 31-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետի՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին»: Գերատեսչությունների պատասխաններից անհայտ է մնում, թե ինչու է որոշվել գործը կարճել, սակայն փաստ է մեկ բան, որ նա բերման է ենթարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով (իրացում, վաճառք, օգտագործում):
«Ժողովուրդ» օրաթերթը ևս մեկ հարցում է ուղարկել՝ փորձելով հասկանալ, թե ինչն է դարձել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ թմրամիջոցերի ապօրինի շրջանառության գործը կարճելու որոշման հիմքը: Շարունակելի…»։