17/03/2023 12:32
Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլին ընդառաջ
ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը:
Քննարկվել են մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը, ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ, Առողջապահության և Արտակարգ իրավիճակների նախարարություններից, Հայաստանի թենիսի ֆեդերացիայից և մրցաշարի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ անհրաժեշտ է կենտրոնացնել բոլոր ուժերը՝ մրցաշարը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար: Հանձնաժողովի անդամները հավաստիացրել են՝ ամեն ինչ կարվի հավուր պատշաճի՝ բացառելով կազմակերպչական, անվտանգային և ցանկացած այլ բնույթի խնդիրներ: Կարեն Գիլոյանը կարևորել է նաև մրցավարական հարցերը, որոնք, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչների փոխանցմամբ, կիրականացվեն բարձր մակարդակով:
Հիշեցնենք՝ Հայաստանի 10 մարզում և Երևանում արդեն ավարտվել են մրցաշարի առաջին` մարզային ընտրական փուլի մրցումները, որոնց շուրջ 2070 անձ է մասնակցել:
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 235 մասնակից, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզը՝ 205 մասնակից:
Մրցաշարի 2-րդ` եզրափակիչ փուլին, ինչպես հայտնի է, կմասնակցեն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում՝ ըստ տարիքային և պրոֆեսիոնալ մարզիկների խմբերի 1-ից 3-րդ տեղեր գրաված տղամարդիկ և կանայք։ Եզրափակիչ փուլի մրցաշարը կանցկացվի ապրիլի 1-ին և 2-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Ապրիլի 2-ին նախատեսված են կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները:
Հիշեցնենք՝ մրցաշարն անցկացվում է երկու տարիքային և գործող մարզիկների խմբերով.
1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ,
գործող պրոֆեսիոնալ մարզիկների խումբ՝ առանց տարիքային սահմանափակման:
Երկրորդ՝ եզրափակիչ փուլին, երկու տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կստանան ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, գավաթներ, մեդալներ և դրամական պարգևներ.
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: