18/03/2023 18:52
Ինսուլին հորմոն. Համապատասխան թեստի հանձնումը կարող է կանխել մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկը
Ինսուլինը ածխաջրատային փոխանակության հիմնական կարգավորիչն է, որն նվազեցում է արյան շիճուկի գլյուկոզի մակարդակը:
Ինսուլինը մոլեկուլյար կշռով պոլիպեպտիդային հորմոն է: Այն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների կողմից՝ պրոինսուլինի տրոհման արդյունքում: Մուտք գործելով արյան շրջանառության պորտալ համակարգ, հասնում է լյարդ, որտեղ էլ քայքայվում է: Ինսուլինի կիսաքայքայման պարբերությունը շատ կարճ է՝ 3-5 րոպե:
Ինսուլինն արտադրվում է «պուլսացվող» տատանումներով: Նորմայում այս հորմոնի սեկրեցիան խթանվում է արյան գլյուկոզի մակարդակի բարձրացմամբ: Ինսուլինի մակարդակի բարձրացումը ինսուլինային ընկալիչների միջոցով հյուսվածքներում առաջ է բերում գլյուկոզի կլանում ու ծախսի խթանում, որի արդյունքում արյան շիճուկի գլյուկոզի մակարդակը նվազում է, որն էլ իր հերթին պայմանավորում է ինսուլինի մակարդակի նվազեցումը:
Այնուամենայնիվ, որոշ հիվանդությունների ժամանակ (դիաբետ, ինսուլինոմա) այսպիսի կապը խանգարվում է: Ենթաստամոքսային գեղձի ինսուլին-արտադրող ուռուցքների՝ ինսուլոմայի ժամանակ պացիենտների արյան մեջ հայտնաբերվում է ինսուլինի ոչ համարժեք բարձր մակարդակ, որն իր հերթին դառնում է ախտաբանական հիպոգլիկեմիայի պատճառ:
Քաղցած վիճակում ինսուլինի մակարդակի որոշումը կարևոր ախտորոշիչ հետազոտություն է, որը սովորաբար նշանակվում է հիպոգլիկեմիկ վիճակների ախտածագումը ճշտելու և ինսուլինոման ախտորոշելու համար:
Շաքարային դիաբետով հիվանդների մոտ ինսուլինի մակարդակը տատանվում է լայն միջակայքում՝ կախված դիաբետի տեսակից կամ հիվանդության ընթացքից ու փուլից:
Ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա բջիջների աուտոիմուն քայքայման դեպքում գրանցվում է ինսուլինի բացարձակ դեֆիցիտ: Ինսուլինի արտադրությունն աստիճանաբար նվազում է մինչև արյան մեջ գլյուկոզի մակարդակի շեղումների ի հայտ գալը:
Ոչ ինսուլինակախյալ կամ 2-րդ տիպի դիաբետի ժամանակ առաջանում է ինսուլինի նկատմամբ հյուսվածքային կայունություն, և հորմոնի մակարդակը սովորաբար բարձրանում է:
Այնուամենայնիվ, ինսուլինի մակարդակի իմացությունը դեպքերի մեծ մասում ոչնչով չի օգնում դիաբետի տեսակը որոշելուն կամ նման հիվանդների բուժման մեթոդների ընտրությանը: Ահա թե ինչու ինսուլինի որոշումը չի հանդիսանում դիաբետի ախտորոշիչ չափորոշիչ:
Ինսուլինի հետազոտությունը նշանակվում է նաև մետաբոլիկ համախտանիշով հիվանդների, ինչպես նաև պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով կանանց կոմպլեքս հետազոտության մեջ:
Հետազոտության ցուցումներն են՝
հիպոգլիկեմիկ վիճակների ախտորոշում,
ինսուլինոմայի կասկած,
դիաբետով հիվանդների մոտ ինսուլինի բացարձակ կարիքի հարցի որոշում,
մետաբոլիկ համախտանիշով հիվանդների ընդլայնված հետազոտություն,
պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով հիվանդների ընդլայնված հետազոտություն։
«Ինսուլին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Արյունը հանձնելու նախորդ օրը անհրաժեշտ է բացառել ալկոհոլի ընդունումը, իսկ 1 ժամ առաջ՝ ծխախոտի ընդունումը:
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին՝ պարտադիր քաղցած վիճակում: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։