18/03/2023 20:30
Արդյոք սկրաբը վնասո՞ւմ է մաշկը. Կոսմետոլոգի պատասխանը հուզող հարցին
Վերջին տարիներին, հիմնականում գովազդի շնորհիվ, կոսմետիկ արտադրանք հանդիսացող դեմքի և մարմնի սկրաբը բավականին լայն տարածում է գտել:
Գովազդային հոլովակներում սովորաբար ցույց են տալիս, թե որքան հրաշալի է սկրաբը հեռացնում մեռած բջիջները մաշկի մակերեսից, վերացնում է սև կետերը և դեմքի մաշկը դարձնում հարթ, մաքուր և փայլուն:
Արդյոք սկրաբի օգտագործումը լիովին անվնա՞ս է մաշկի համար և ի՞նչ օգտակար ազդեցություն կարող է ունենալ, փորձել է պարզել Aysor.am-ը՝ թեմայի շուրջ զրուցելով կոսմետոլոգ Լիլիթ Մեխակյանի հետ։
«Սկրաբի կիրառումն, ինքնին, բավականին հեշտ է և մեծ ջանքեր չի պահանջում. բավական է սկրաբը քսել դեմքին, մերսել ընդամենը 2-3 րոպե, լվանալ ջրով, և մաշկը կդառնա ավելի թարմ և հարթ, քան նախկինում էր։ Սկրաբի օգնությամբ հիանալի հեռացվում են կերատինացված թեփուկներն ու ավելորդ ճարպը։
Ուստի շատ կանայք, ինչո՞ւ չէ, նաև տղամարդիկ, շաբաթական 1-2 անգամ պարբերաբար օգտագործում են դեմքի սկրաբ։ Պրակտիկայում հանդիպում են նաև այնպիսի դեպքեր, երբ որոշ երիտասարդներ գրեթե ամեն օր են օգտագործում միջոցը, ինչն անհետևանք չի կարող մնալ», - ասաց կոսմետոլոգը։
Մասնագետի խոսքով՝ արտադրողները լավագույն դեպքում զգուշացնում են միայն այն մասին, որ սկրաբը չպետք է օգտագործվի զգայուն և ալերգիկ մաշկի համար: Իրականում դեմքի սկրաբի կանոնավոր օգտագործումը կարող է վնաս հասցնել ցանկացած տիպի մաշկին, եթե չպահպանվեն օգտագործման տարրական կանոններն ու մոտեցումները:
«Խնդիրն այն է, որ սկրաբները պարունակում են հղկող մասնիկներ՝ ծիրանի, խաղողի, ազնվամորու մանրացված սերմեր, սուրճի և կակաոյի հատիկներ կամ այլ պինդ նյութեր։ Հենց մեխանիկական շփման օգնությամբ դրանք հեռացնում են կեղտը մաշկի մակերեսից։
Անվնաս թվացող բաղադրիչների հետ հաճախ օգտագործվում են նաև քերող մասնիկներ՝ մանրացված ոսկորներ և սուր եզրերով այլ բաղադրիչներ, որոնք մաշկի հետ շփվելիս, վնասում են այն»,- մանրամասնեց Լիլիթ Մեխակյանը:
Դեմքի չոր և զգայուն մաշկը սովորաբար բարակ և նուրբ է, հետևաբար, պահանջում է նուրբ մշակում: Իսկ սկրաբի բաղադրության մեջ առկա հղկող մասնիկները սովորաբար ունենում են բավականին կոպիտ և նույնիսկ սուր եզրեր, ուստի հեշտությամբ կարող են վնասել նուրբ մաշկը։
Այդ մասնիկները նաև միկրոճաքեր են թողնում, և սկրաբի հաճախակի օգտագործման դեպքում կարող է առաջանալ մաշկի կարմրություն և գրգռում, ինչի արդյունքում մաշկն էլ ավելի զգայուն կդառնա արտաքին գրգռիչների նկատմամբ։
Կոսմետոլոգն անդրադարձավ նաև յուղոտ կամ համակցված մաշկի խնամքին և տվյալ պարագայում սկրաբի գրագետ օգտագործմանը:
«Յուղոտ և համակցված մաշկը ավելի հաստ է, ավելի խիտ և երբեմն նույնիսկ կոպիտ, և շատերին թվում է, թե նման մաշկը ավելի դժվար է վնասել մեխանիկական շփման ժամանակ. այս մոտեցումը միայն մասամբ է ճիշտ, քանի որ մշտապես վտանգ կա։
Յուղոտ և կոմբինացված մաշկն ունի մեծ ծակոտիներ և, որպես կանոն, մաշկի այդ տեսակն ունեցող անձանց մոտ նկատվում է ցանի հակում։ Իսկ հղկող մասնիկները կարող են ներթափանցել ծակոտիների մեջ, խրվել այնտեղ անհարթ եզրերի պատճառով և այդպիսով խցանել ծակոտիները՝ նպաստելով կոմեդոնների և բշտերի առաջացմանը»,- ասաց նա:
Խոսելով ցանավորման ու կորյակներին հակում ունեցող և խնդրահարույց մաշկի մասին, մասնագետը նշեց, որ այդ դեպքում սկրաբը լիովին հակացուցված է, քանի որ հղկող մասնիկները վնասում են բորբոքված բշտիկները, տարածում են բշտիկների մանրէները և թարախային պարունակությունը դեմքի վրա, ներառյալ միկրոճաքերը, որոնք առաջանում են սկրաբ օգտագործելիս:
Լիլիթ Մեխակյանն այն կարծիքին է, որ սկրաբի չափավոր օգտագործումը կարող է բարելավել մաշկի որակը, սակայն կարևոր է տվյալ սկրաբի որակային բաղադրիչն ու մաշկի հետ շփման մի շարք առանձնահատկություններ։
«Չափավոր օգտագործման պարագայում այն իսկապես արդյունավետ է, և երբեմն-երբեմն օգտագործումից առանձնահատուկ վնաս չի կարող լինել։ Հիմնական խնդիրը, որին պետք է ուշադրություն դարձնել՝ երբեք չօգտագործել սկրաբը գրգռված կամ բորբոքված մաշկի մակերեսին:
Խորհուրդ կտամ երկար չպահել սկրաբը մարմնին կամ դեմքին, այն տարածել զգուշությամբ և կանոնավոր շարժումներով, քանի որ, ի վերջո, միջոցի օգտագործման նպատակը մաշկը գրագետ շերտազատելն ու խնամք ապահովելն է, ոչ թե մաշկը վնասելը և նոր խնդիրների հանգեցնելը», - զրույցն ավարտեց կոսմետոլոգը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։