18/03/2023 09:43
«Ժողովուրդ». Քաղաքապետի հրաժարականից հետո ՔՊ-ն երկու ճանապարհ ունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես և սպասվում էր, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեկ երեկոյան հրաժարական տվեց:
Իր հեռանալու մասին հայտարարությունը նա արեց Երևանի քաղաքապետարանում հրավիրած գործակարգավարական նիստի ընթացքում՝ հավելելով, որ շարունակելու է մնալ քաղաքական թիմի անդամ:
Ակնհայտ էր, որ հրաժարականի մասին հայտարարելիս Սարգսյանը բավականին հուզված էր, խոսելու ընթացքում կուլ էր տալիս տառերը, շնչակտուր էր խոսում։
«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Հրաչյա Սարգսյանի այս որոշումը անակնկալ է եղել ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ ողջ ՔՊ-ի համար:
Սարգսյանը տևական ժամանակ կապի դուրս չի եկել ավագանու «Իմ քայլը» ֆրակցիայի իր թիմակիցների հետ, նրանց անորոշ վիճակի մեջ է դրել: Երեկ, երբ մամուլը գրեց հրաժարականի մասին, նա անհետացել էր…
Տեղեկացանք, որ արդեն նախկին քաղաքապետը մի քանի անգամ ակնարկել է իր հեռանալու մտադրության մասին, սակայն վերջնական որոշում կայացրել է այս շաբաթ, բայց թիմակիցներին հստակ ոչինչ չի ասել:
Սարգսյանի որոշումն անակնկալ է եղել անգամ Փաշինյանի համար, որն ընդամենը օրեր առաջ իր ասուլիսում, լրագրողների հարցին ի պատասխան, համոզմունք հայտնեց, որ քաղաքապետը հրաժարական չի տալու:
Ըստ էության, Փաշինյանի սրտով էլ չի եղել Հրաչյա Սարգսյանի հեռանալը, քանի որ պաշտոնավարման ողջ ընթացքում հլու-հնազանդ ենթարկվել է իրենց բոլոր որոշումներին:
Մեր տեղեկություններով՝ հենց ՔՊ թեկնածու Տիգրանն Ավինյանն է այնպիսի իրավիճակ ստեղծել քաղաքապետարանում, որպեսզի Սարգսյանն ինքնակամ հեռանա, քանի որ ինքն էլ գիտակցել է, որ, ավագանու ընտրություններին ընդառաջ, Հրաչյա Սարգսյանի վարկանիշը բարձրանում էր:
Այսպիսով, քաղաքապետի հրաժարականից հետո ՔՊ-ն երկու ճանապարհ ունի՝ կա՛մ պետք է գնա ավագանու արտահերթ ընտրությունների, կա՛մ էլ ավագանու անդամներից մեկին ժամանակավոր պաշտոնակատար ընտրի մինչև ավագանու հերթական ընտրություններ»։