20/03/2023 21:04
Բժշկական հոդվածներն ու ախտորոշումները համացանցում. Ինչպե՞ս խուսափել ապատեղեկատվությունից
Հաճախ կարելի է նկատել, որ որոշ ախտանշաններ նկատելիս կամ հիվանդության ախտորոշումը ստանալուց հետո, հիվանդները ձգտում են հավելյալ ինֆորմացիա փնտրել նաև համացանցն ու տարբեր բժշկական կայքեր «փորփրելով»։ Երևույթը հաճախ կարող է ունենալ բացասական ազդեցություն հիվանդի հոգեֆիզիոլոգիական վիճակի վրա։
Բժիշկները խորհուրդ են տալիս չկարդալ այնպիսի կայքեր և հոդվածներ, որոնց հասանելիություն ունեն գրեթե բոլորը և որտեղ կարող են լինել իրարամերժ կարծիքներ՝ դժվարացնելով հավաստի տվյալները չստուգված ու պոտենցիալ վտանգավորներից տարբերակելու գործընթացը:
Այսօր բժշկության մեջ երկու տարբեր մոտեցում կա, և դրանցից մեկն աստիճանաբար դուրս է մղում մյուսին: Հարյուրամյակների ընթացքում բժշկության առաջընթացի հիմքում առանձին գիտնականների նվաճումներն էին: Միևնույն ժամանակ, մի գիտնականի կարծիքը կարող էր արմատապես տարբերվել այլ մասնագետի կարծիքից:
Այսօր, բժշկության զարգացմանը զուգընթաց, պարզ դարձավ, որ հավաստի տվյալների հիմնական աղբյուրը միջազգային հետազոտություններն են, և դրանց օգտագործումը լավագույն ձևն է՝ ապացուցելու բուժման այս կամ այն մեթոդի արդյունավետությունն ու անվտանգությունը:
Այս մոտեցումն անվանեցին «ապացուցողական բժշկություն»: Ըստ ապացուցողական բժշկության սկզբունքների, ախտորոշման և բուժման մեջ կիրառվում են միայն այն մեթոդները, որոնք հետազոտությունների ընթացքում ճանաչվել են արդյունավետ ու անվտանգ: Այս գիտական տվյալների հիման վրա կազմվում են մշտապես թարմացվող ուղեցույցներ բժիշկների համար, որտեղ բերվում են ախտորոշման և բուժման նախընտրելի սխեմաները: Տարածված կարծիքին հակառակ, ապացուցողական բժշկությունը բոլորովին չի բացառում բժշկի անձնական կարծիքը բուժման ընտրության գործընթացում: Այն պարզապես հակված է այն մոտեցմանը, որ եթե որևէ խնդրի շուրջ կան մեծ հետազոտություններից ստացված հավաստի տվյալներ, օպտիմալ կլինի հենց դրանց օգտագործումը:
Շատ հիվանդների մոտ ցանկություն է առաջանում իմանալ իրենց հիվանդության և նշանակված բուժման մասին ավելին, քան հասցնում է հայտնել բժիշկը այցի ընթացքում:
Հիվանդը, ով ուզում է ավելին իմանալ իրեն անհանգստացնող ախտանիշերի, հիվանդության ախտորոշման կամ բուժման մեթոդի մասին, որը նշանակել է բժիշկը, սկզբում կարող է դիմել հանրագիտարան-կայքերի օգնությանը:
Եթե խոսքը գնում է հազվադեպ հանդիպող հիվանդության մասին, ամենաթարմ ու հավաստի ինֆորմացիան գտնելու լավագույն ձևը համապատասխան հիվանդության պացիենտների կազմակերպության կայքում առկա հոդվածներն ուսումնասիրելն է: Այս դեպքում, իհարկե, միջազգային ասոցիացիաների կայքերը ավելի մեծ վստահություն են ներշնչում:
Ինչ վերաբերում է «Վիքիպեդիային», մասնագենտերը խորհուրդ չեն տալիս այն օգտագործել որպես բժշկական ինֆորմացիայի հիմնական աղբյուր: Վիճակագրության համաձայն` վիքիպեդիայի անգլալեզու բժշկական հոդվածներից 10-ից 9-ը անճշտություններ ու սխալներ է պարունակում:
Անհրաժեշտ է հիշել, որ հիվանդությունը ճիշտ ախտորոշել և բուժել կարող է միայն համապատասխան որակավորում ունեցող բժիշկը: Իհարկե, կրթված պացինետը ավելի մեծ շանսեր ունի որակյալ բժշկական օգնություն ստանալու, սակայն չպետք է գնալ ծայրահեղությունների և կատարել ինքնօգնություն կամ ինքնախտորոշում։ Դրանք կարող են առավել սրել իրավիճակն ու հիվանդության դեպքում ՝ խանգարել բժշկի կողմից նշանակված գրագետ բուժման ընթացակարգերին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։