20/03/2023 12:36
Մարտի 20-ը՝ երջանկության միջազգային օր․ Սերոտոնինի մակարդակը բարձրացնող հիմնական մեթոդները
Մարտի 20-ն աշխարհում նշվում է որպես երջանկության միջազգային օր: Նպաստելու համար ձեր երջանկությանը գործակցի բարձրացմանը, առաջարկում ենք օրգանիզմում սերոտոնինի մակարդակը բարձրացնող մի քանի գործուն մեթոդներ:
Սննդամթերքի միջոցով ստանալ ավելի շատ տրիպտոֆան․
Տրիպտոֆանը ամինաթթու է, որն անհրաժեշտ է օրգանիզմին սերոտոնին արտադրելու համար: Տրիպտոֆանն առկա է մի շարք մթերքներում, հատկապես՝ կաթնամթերքների, ձվի, դառը շոկոլադի, բանանի, ընկույզի բաղադրության մեջ: Փորձեք այս բնական հակադեպրեսանտները առավել հաճախ ներառել կերակրացանկում:
Օգտագործել վիտամին B․
B խմբի յուրաքանչյուր վիտամինն էլ կարևոր է լավ ինքնազգացողության համար, սակայն հենց վիտամին B12 և B6-ն են մասնակցում սերոտոնինի սինթեզավորման գործընթացին:
Մարդկանց մեծ մասը ստանում է օրական մոտավորապես 50-100 մգ չափաբաժին, սակայն խորհրդակցելով բժշկի հետ, այդ չափաբաժինը հնարավոր է մեծացնել: Հասկանալու համար, թե օրգանիզմում ինչ վիտամինի պակաս կա, պետք է անպայման արյան համապատասխան հետազոտություն անցնել: Չի կարելի առանց բժշկի հսկողության վիտամինային հավելումներ ընդունել:
Այցելել մերսման․
Գաղտնիք չէ, որ մարդու տրամադրությունը մերսումից անմիջապես հետո լավանում է, բայց դրա պատճառը միայն մկանային լարվածության թուլացումը չէ: Մերսումից հետո սերոտոնինի մակարդակը բարձրանում է, ինչը պայմանավորված է օրգանիզմում սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի 30% կրճատմամբ: Կորտիզոլի և սերոտոնինի քանակությունները գտնվում են հակադարձ կախվածության մեջ՝ կորտիզոլի քանակության ավելացումն էլ նպաստում է սերոտոնինի կրճատմանը:
Սննդակարգում ավելացնել մագնեզիում․
Մագնեզիումը նույնպես մեծ դեր ունի սերոտոնինի բավարար մակարդակի պահպանման հարցում: Սթրեսը և օրգանիզմում մագնեզիումի պակասը կարող են մեկը մյուսի հետ փոխկապակցված լինել և իրար վրա ազդելով վատթարացնել առողջական վիճակը: Մագնեզիումի պակաս չունենալու համար ճաշացանկում ավելացրեք ձուկ, կանաչեղեն և բանան:
Սպորտով զբաղվել․
Կյանքի յուրաքանչյուր շրջանում սպորտով զբաղվելը առավել առույգ և երջանիկ է դարձնում: Մարզումների ժամանակ և դրանից հետո օրգանիզմում արտադրվում են մեծ քանակությամբ էնդորֆիններ, բացի այդ, ֆիզիկական ակտիվությունը նպաստում է սերոտոնինի արտադրմանը:
Զարգացնել լավատեսական մտածողությունը․
Նեյրոհաղորդիչների արտադրության վրա կարելի է ազդել ոչ միայն սննդակարգում նոր մթերքներ ավելացնելով, այլև՝ փոխելով կյանքի հանդեպ սովորական դարձած և ճնշող վերաբերմունքը:
Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչն է մեզ իսկապես երջանկացնում և զբաղվել դրանով առավել հաճախ: Ավելի շատ շփվել սիրելի մարդկանց հետ, ժամանակ տրամադրել հաճույք պատճառող գործերով և նախասիրություններով զբաղվելու համար:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։