20/03/2023 09:53
Օնիկ Գասպարյանին Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել, թե՞ կարծում է՝ երաշխիքներ կան, որ իրեն հանգիստ կթողնեն․ Աբրահամյան
Օրեր առաջ ԱԺ քննիչ հանձնաժողով էր ներկայացել պատերազմի օրերին ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանը: Թե ինչ է խոսվել 6 ժամ տևած հանձնաժողովի նիստում՝ դժվար է ասել, որովհետև հանդիպման մանրամասները ներկայացնող միակ դեմքը նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր, այն էլ, բնականաբար, նախընտրելի ձևակերպումների և իշխանության քարոզչական թեզերի ներքո: Այդ մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորը նաև հարց է հնչեցրել՝ իսկ ինչո՞ւ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը:
«Այս ընթացքում Գասպարյանի ենթակա հրամանատարներ են կալանավորվել, նրան հանձնաժողովի հրավիրած իշխանությունը պատերազմից առաջ ու հետո շարունակում է փոշիացնել բանակաշինության համակարգը, մինչև վերջ վարկաբեկել զինվորականներին, իսկ Օնիկ Գասպարյանը շարունակում է լռել:
Այլ զինվորականի դեպքում ակնկալիքներս մի փոքր այլ կլինեին, բայց ընդհանուր պատկերում գեներալ Գասպարյանն առանցքային դերակատար է եղել, պատերազմի ժամանակ թիվ մեկ զինվորականը և իրավունք չունի հենց այնպես հանձնաժողով ներկայանալու ու լուռ սպասելու իր հերթին:
Թե՞ Գասպարյանը հույս ունի, որ իր հետևից չեն գալու, Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել, թե՞ կարծում է՝ երաշխիքներ կան, որ իրեն հանգիստ կթողեն:
Բոլոր դեպքերում Օնիկ Գասպարյանը պարտավոր է արձագանքել ինչպես իր` քննիչ հանձնաժողովի այցին, այնպես էլ` իր ենթակայությամբ կռիվ տված հրամանատարների նկատմամբ կարված գործերին` Գրիգորի Խաչատուրովից մինչև Միքայել Արզումանյան:
Եթե մտքով չէր անցել, որ բարոյական պարտականություններ ունի, գրված ու չգրված օրենքներ կան, ապա ասածս պետք է ընդունել հուշում/հորդոր, հակառակ դեպքում հաջորդ անդրադարձս այս թեմային աննկարագրելի ցավոտ է լինելու», - նշել է Աբրահամյանը։