20/03/2023 17:26
«Եռակողմ պայմանավորվածությունները պետք է իրագործվեն առանց իմպրովիզացիաների»․ Լավրովը՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման մասին
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը հնարավոր է կարգավորել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների լիարժեք իրագործմամբ, հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք հանդես ենք գալիս նրա օգտին, որպեսզի խստորեն, ամբողջ ծավալով, առանց իմպրովիզացիաների, կատարվեն բոլոր եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ՌԴ և Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի միջև։ Նախևառաջ, այն պայմանավորվածությունը, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը։ Եվ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկվի բացառապես այդ համատեքստում»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածության բոլոր դրույթների, նախևառաջ՝ Լաչինի միջանցքին վերաբերող դրույթի լիարժեք իրագործումը միայն կարող է հանգուցալուծել իրավիճակը, կարգավորում տալ խնդրին։
«Ես հուսով եմ, որ կողմերը կհասկանան, որ եռակողմ պայմանավորվածությունների այդ (Լաչինի միջանցքին վերաբերող դրույթի-խմբ․), ինչպես նաև մյուս մասերը պետք է իրագործեն բոլորը՝ միասին։ Այնտեղ յուրաքանչյուր կողմ իր պարտավորություններն ունի»,- ընդգծեց Սերգեյ Լավրովը։