20/03/2023 13:53
Արցախում անցած շաբաթ սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել․ Ադրբեջանը կրակել է խաղաղ բնակիչների ուղղությամբ
2023 թվականի մարտի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 34 հաղորդում, որից 17-ը հանցագործության վերաբերյալ: Դրանցից 16-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Արձանագրվել և բացահայտվել է վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնաս պատճառելու 5 դեպք:
Շաբաթվա ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 և նախկինում կատարված 2 հանցագործություն: Միջոցներ են ձեռնարկվում անձնական ունեցվածքի գողության մեկ դեպքի բացահայտման ուղղությամբ:
Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ շարունակում են թմրամիջոցների, դրանց ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման դեմ պայքարը: Յոթ օրվա ընթացքում բացահայտվել է 2 դեպք:
ՆԳՆ ոստիկանության ծառայողները պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանք են իրականացնում հանրության շրջանում: Անցած շաբաթվա ընթացքում զենք ու այլ ռազմամթերք կամովին հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 1 քաղաքացի:
Յոթ օրվա ընթացքում սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել: Ադրբեջանի զինուժը մարտական դիրքերից կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Վերջիններս Մարտունու շրջանի հողատարածքներում զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 15 պատահար, որից 11-ը նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 4 քաղաքացի:
Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 21 վարորդ, 17-ը եղել է անսթափ վիճակում, 30 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
«Ոստիկանության պետի հրամանով` ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների և ունակությունների կատարելագործման նպատակով, կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ շարունակվում են ամենամյա դասընթացներ և պարապմունքներ:
Հանցագործությունների կանխարգելման և բացահայտման նպատակով ՆԳ նախարարությունը շուրջօրյա ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:
Հետադարձ կապ՝ 1-02, /047/94-02-07
ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն՝/047/94-02-17», - նշված է հայտարարությունում։