20/03/2023 14:01
Մանկամտություն է կարծել, թե Ռուսաստանի պարտությունից Հայաստանը կշահի. մենք լինելու ենք բզկտվողների շարքում. Լևոն Զուրաբյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ինքնիշխանություն ուժեղացնել նշանակում է հերթական սադրանքն անել ռուսների դեմ։ Հայաստանում հիմա լուրջ պայքար է արևմտամետների և ռուսամետների միջև, զարմանալի է՝ ինչպես կարելի է այդքան նվիրվել օտար պետությունների օրակարգերին՝ քո երկրի օրակարգով զբաղվելու փոխարեն, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Մեր հանրության մեջ կա զգալի հատված, որ տարածում է խոսույթ, թե Ռուսաստանի պարտությունը դաս կլինի աշխարհի բոլոր ագրեսոր պետությունների, միջազգային իրավունք խախտող պետությունների համար՝ այդպիսով արդեն կզսպվեն Թուրքիան և Ադրբեջանը։ Եթե Ռուսաստանը պարտվի ուկրաինական հակամարտությունում, ստիպված լինի Կովկասից հեռանալ, դրանից շատ ազգեր կարող են օգտվել՝ Վրաստանը, Ադրբեջանը, եվրոպական երկրները, բայց Ռուսաստանի պարտությունը տենչացող մարդիկ չեն հասկանում Հայաստանի յուրահատկությունը։ Հայաստանը չի լինելու Ռուսաստանի պարտությունից օգտվողների շարքում, մեր երկիրը լինելու է բզկտվողների շարքում», - ասել է նա։
Լևոն Զուրաբյանի գնահատմամբ՝ առաջացած վակուումը չեն լցնելու Ամերիկան, Ֆրանսիան. այդ երկրները չունեն նման օրակարգ։