21/03/2023 14:33
Արցախի անկախության ու մեր գոյության պայքարը դարձել է միջազգային սակարկման առարկա. Հայկ Մամիջանյան
Հայաստանը դարձել է բախման ու հարաբերությունները պարզելու կետ, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Մեզ համար նվիրական պայքարը, այն է՝ Արցախի անկախության ու մեր գոյության պայքարը, դարձել է միջազգային սակարկման առարկա, դրա պատասխանատվությունը 100 տոկոսով Նիկոլ Փաշինյանինն է, որովհետև ինքը հստակ արտաքին քաղաքականություն չի վարել ու վաշխառությամբ է զբաղվել», - ասաց Մամիջանյանը:
Ըստ նրա՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը, որ Լաչինի միջանցքով Արցախ փոխանցվել է սպառազինություն, որևէ հիմք չունի ու ունենալ չի կարող:
Խոսելով Լաչինի միջանցքը բացելու մասին՝ Հայկ Մամիջանյանն ասաց, թե այս պահին Հայաստանը որպես զենք ունի մեծ քանակով ամենատարբեր քաղաքական ու իրավական, հասարակական ինստիտուների հայտարարություններ ու պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի դրանք իրագործվեն: