21/03/2023 12:51
Հայ-ռուսական հարաբերությունների «փչացման փուլը» թևեր է տալիս Ալիևին. ՀՀ իշխանությունը համաձայնություն է տվել դառնալու Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելու գործիք. Անդրանիկ Թևանյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի դիտարկմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ամբողջությամբ տեղավորվել է ադրբեջանական օրակարգի մեջ:
«Ըստ էության, Պրահայում տեղի է ունեցել համաձայնություն Փաշինյանի ու Ալիևի միջև, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Թևանյանը:
Նա նշեց, թե հայ-ռուսական հարաբերությունները «փչացման» փուլում են, ինչը «թևեր է տալիս Ալիևին»:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այս իշխանությունը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ ու Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ Հայաստանը վերածել մանրադրամի:
Անդրանիկ Թևանյանը կարծում է, որ Հայաստանում պետք է տեղի ունենա քաղաքական փոփոխություն:
«Այս իշխանությունը, փաստացի, Արցախը դիտարկում է Ադրբեջանի կազմում, մենք՝ ոչ, իրենք հրաժարվում են Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը արծարծելուց, մենք՝ ոչ, իրենք հրաժարվում են ՀՀ հանձնառություններից, մենք կարծում ենք, որ դա սխալ է», - ընդգծեց նա:
Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից՝ Թևանյանն ընդգծեց՝ հայ-ռուսական հարաբերությունների դեմ բարձրացված հիստերիան ուղղակի սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը:
«ՀՀ իշխանությունները վարում են մի քաղաքականություն, համաձայն որի՝ արդեն գիտեն՝ ինչ են բերելու հայ ժողովրդի գլխին ու նախապես ուզում են մեղավոր նշանակել Ռուսաստանին: Մենք գտնում ենք, որ չի կարելի մտնել ո՛չ հակառուսական դաշտ, ո՛չ հակաարևմտյան դաշտ: Արևմուտքը մեր թշնամին չէ, բայց Արևմուտքը խնդիր ունի Ռուսաստանի հետ: Կարող ենք ասել, որ ՀՀ իշխանությունը համաձայնություն է տվել դառնալու Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելու գործիք, դա նշանակում է, որ ՀՀ անվտանգությունը մեծ սպառնալիքի տակ է», - նշեց նա: