21/03/2023 11:11
Լաչինի միջանցքի փակման հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց (Տեսանյութ)
Ազգային ժողովն օրակարգ չընդգրկեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը Լաչինի միջանցքի փակման հարցով:
ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության նախագիծն ԱԺ նիստի մեկնարկին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«ՀՀ ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022 թ. դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ից մինչև օրս շարունակվող Արցախի Հանրապետության շրջափակումը, որը հանգեցրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն ճգնաժամի: Շրջափակման հետևանքով գոյաբանական խնդիրներ են առաջացել Արցախի 120 հազար քաղաքացիների համար: Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, ըստ որի՝ Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովում է Բերձորի (Լաչինի) միջանցքը, որով անխոչընդոտ պետք է իրականացվի մարդկանց, մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների տեղաշարժը», - ներկայացրեց Թևանյանը:
«Ադրբեջանի ռազմատենչ, ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումն է, որը որպես միջազգային իրավունք հիմնարար սկզբունք՝ բազմիցս հաստատվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Հայտարարության նախագծում կոչ է արվում ՌԴ-ին կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Բերձորի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանական նոր սադրանքները, դիվերսիաները, ահաբեկչությունները կանխելու համար:
Կոչ է արվում նաև ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին պարտադրել Ադրբեջանին՝ կատարելու Բերձորի միջացքին վերաբերող Հաագայի դատարանի որոշումը:
Հայտարարությունը նաև շեշտում է, որ ՀՀ-ն տեր է կանգնելու Սահմանադրությամբ, օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված իր հանձնառությանը:
Հարակից զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց, թե հայտարարությունում կա հետևյալ ձևակերպումը, թե Ադրբեջանը, վկայակոչելով Պրահայում ձեռք բերված համաձայնությունները, փակել է Լաչինի միջանցքը:
«Թերևս միայն այս ձևակերպման համար, այսինքն՝ Լաչինի միջանցքի արգելափակման համար նաև Հայաստանի համար պատասխանատվության բաժին սահմանելը կարող է հիմք հանդիսանալ հայտարարության տեքստի մերժման համար», - նշեց պատգամավորը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը խորհրդարանին առաջարկել է չմասնակցել հայտարարության նախագծի քվեարկությանը՝ այն ըմբռնմամբ, որ դեռևս դեկտեմբերի 14-ին ԱԺ-ն ընդունել է հայտարարություն Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ, որը շարունակում է ուժի մեջ մնալ:
Ըստ Կարապետյանի, այնուամենայնիվ, հաշվի առնելով հարցի կարևորությունը և առնվազն 2 նոր հանգամանք՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ոստիկանների սպանությունը և Հաագայի դատարանի որոշման չկատարումը՝ կարելի էր ընդունել նոր հայտարարության տեքսը՝ վերահաստատելով դեկտեմբերի 14-ի հայտարարության դիրքորոշումները և ավելացնելով նոր բաղադրիչները: Այս նպատակով առաջարկ են արել «Հայաստան» խմբակցությանը՝ փորձել գտնել հայտարարության տեքստի փոխադարձաբար ընդունելի բառապաշար, քանի որ շատ հարցերում էլ համամիտ են, սակայն չեն կարողացել համաձայնության գալ հայտարարության տեքստի առանձին բառերի շուրջ:
Իշխանությունը չմասնակցեց հայտարարության տեքստի քվեարկությանը: Այն քվեարկությամբ ստացավ 28 «կողմ» ձայն`այսպիսով չընդգրկվելով նիստերի օրակարգ: