21/03/2023 15:12
Հայաստանում առկա է համակարգային կոռուպցիա. Իշխանյան
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցը, ուր, ըստ պետքարտուղարի, ուսումնասիրել է 200 երկրներում առկա իրավիճակը, այդ թվում` Հայաստանում։
Զեկույցը շեշտում է, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարգի, գնումների ու պետական աջակցության տրամադրման:
Մինչդեռ ՀՀ վարչապետն իր վերջին ասուլիսում հայտարարեց, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։
«Անշնորհակալ գործ է վարչապետ կոչեցյալի «մտքերը» մեկնաբանելը։ Նրա խոսքերում ո՛չ տրամաբանություն կա, ո՛չ հետևողականություն։ Լրատվամիջոցները բազմիցս հրապարակել են նրա՝ իրար հակասող խոսքերը տարբեր տարիներին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Նախ, արձանագրենք, որ աշխարհում դեռևս չի եղել որևէ իշխանություն, որն ընդունի իր կոռումպացվածությունը։ Երկրորդ՝ աշխարհում չկա որևէ պետություն, որը 100%-ով զերծ լինի կոռուպցիայից։
Երրորդ՝ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից անմիջապես հետո վարչապետի ընտանիքը զարկ տվեց կոռուպցիային։ Խոսքը վերաբերում է վարչապետուհու հիմնադրամներին։ Սա կոռուպցիայի դասական օրինակ է։ Հաջորդը, նույն 2018թ․ ընտրություններն էին, երբ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտնվեցին վարչապետի և վարչապետուհու ազգականները։ Սա էլ քաղաքական կոռուպցիայի դասական օրինակ է։ Հետո ստվերային պարգևավճարներ, մեկ անձից գնումներ, հարազատների ծաղկող բիզնեսներ, երեկվա պատմության ուսուցչի կողմից շքեղ հարսանիք և բնակարաններ։ Շարքն անվերջ է։ Ինչպես ասացի, որևէ երկիր զերծ չէ կոռուպցիայից, նույնը վերաբերել է մինչ 2018թ․ Հայաստանին։ Բայց այսօրվա իշխանությունը իր կոռումպացվածությամբ գերազանցել է մինչ այդ եղած Հայաստանի բոլոր իշխանություններին։
Այնպես որ, Հայաստանում առկա է համակարգային կոռուպցիա, որը անձամբ ղեկավարում է վարչապետ կոչեցյալը», - ասաց Ավետիք Իշխանյանը։