21/03/2023 16:30
Արցախի շրջափակման հետևանքների ողջ ծանրությունը զգում են նաև Չափար գյուղում
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար համայնքում նույնպես զգում են շրջափակման հետևանքների ողջ ծանրությունը։ Գյուղի խնդիրների մասին «Արցախպրես»-ին պատմել է Չափարի համայնքապետ Վարդգես Սաղիյանը։
Չափարում հովհարային անջատումները խնդիրներ են առաջացնում, ջուրը չի բավարարում, գյուղի բարեկարգման աշխատանքները կանգնել են՝ շրջափակման պատճառով։
«Համայնքի էլեկտրասյուները սարքին չեն: Ամենաթույլ քամուց անգամ թաղամասերը զրկվում են լուսավորությունից: Վերջին շրջանում հովհարային անջատումներն էլ իրենց հերթին են խնդիրներ առաջացնում: Ջրի պաշարները քիչ են, մի կերպ է բոլորին ջուր հասնում: Պլանավորել էինք բարեկարգման աշխատանքներ իրականացնել հանդիսությունների սրահում, հուշարձանի տարածքում, ակումբի համար անհրաժեշտ գույք ձեռք բերել, բայց, Արցախի շրջափակմամբ պայմանավորված, մեր բոլոր ծրագրերը խափանվել են»,- ասել է համայնքապետը:
Վարդգես Սաղիյանի խոսքով՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ազդել է բնակիչների հոգեվիճակի վրա, բայց նրանք շարունակում են ջանասիրաբար արարել իրենց հայրենի գյուղում։
«Գյուղում պարապ մարդ չեք տեսնի: Նրանց մեծ մասը գյուղատնտեսությամբ է զբաղվում: Պետք է նշեմ, որ պատերազմից հետո անասնագլխաքանակը կրճատվել է: Նախապատերազմյան շրջանում մոտ 700 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի ունեինք, իսկ այսօր մնացել է մոտ 200-ը: Պատճառն այն է, որ կենդանիներն անցնում են թշնամու վերահսկողության տակ մնացած տարածքներ, իսկ այդպես անհնար է դառնում անասնապահության այդ ճյուղը զարգացնելը: Մոտ 500 գլուխ ոչխար ունենք: Համայնքում զարգացած է մեղվաբուծությունը»,-ասել է նա։
Չափարի համայնքապետը ընդգծել է՝ չնայած դժվարություններին, գյուղի բնակիչները համախմբված են ու պատրաստակամ՝ իրար օգնելու:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում